28/02/2015 09:02
Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին
Երեկ գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանել են ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին: Մահը վրա է հասել հրազենային 4 վնասվածքների պատճառով: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքսից»:
Ըստ նախնական վարկածի՝ մարդասպանը գործել է միայնակ: Նա դուրս է եկել մեքենայից ու կրակել Նեմցովի ու նրան ուղեկցող կնոջ ուղղությամբ 4-7 անգամ, ապա հեռացել դեպքի վայրից: Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 23.40-ին, Բոլշոյ Զամոսկվորեցկի կամրջի վրա:
Նշենք, որ վերջին տարիներին Նեմցովը հանդես էր գալիս որպես ընդդիմադիր գործիչ, և բավականին կոշտ դիրքորոշում էր հայտնել հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ:
Դեպքին արդեն արձագանքել է պաշտոնական Կրեմլը:
Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դեմքի մասին անմիջապես տեղեկացրել են երկրի ղեկավարին, ով այս սպանությունը որակել է որպես սադրանք։
«Նախագահը խստորեն դատապարտել է դաժան սպանությունը, այն անվանել պատվիրված հանցագործություն, որը սադրանքի նշաններ ունի»,- ասել է Պեսկովը՝ ավելացնելով, որ Պուտինը ցավակցություն է հայտնել Նեմցովի ազգականներին և բարեկամներին։
Նեմցովի ընտանիքի փաստաբանն ասել է, որ վերջին ամիսների ընթացքում ընդդիմադիր գործչին մի քանի անգամ սպառնացել են սպանել։
Նշենք, որ Նեմցովը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 9-ին Սոչիում։ Բորիս Ելցինի նախագահության օրոք զբաղեցրել է Նիժնի Նովգորոդի շրջանի նահանգապետի պաշտոնը, ապա տեղափոխվել է Մոսկվա, աշխատել որպես էներգետիկայի նախարար, իսկ ավելի ուշ նշանակվել է փոխվարչապետ։
1999-2003 թվականներին Բորիս Նեմցովը եղել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր։
Երկու տարի առաջ ընտրվել էր Յարոսլավլի շրջանի տեղական դումայի պատգամավոր։