02/03/2015 18:27
Քննարկվել է Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փետրվարի 27-ին, Գերմանիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KFW) խորհրդի անդամ Ռոլանդ Զիլլերի և Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի հետ:
Այս մասին հայտնում են Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից։
Հանդիպման ժամանակ քննարկվել են KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի երկրորդ փուլը ավելի վաղ ժամկետ տեղափոխելու և առաջին փուլին զուգահեռ իրականացնելու հարցերը:
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչը մեծ նշանակություն ունի էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման առումով: 2014 թվականի դեկտեմբերի 9-ին KfW բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության և «ԲԷՑ» ՓԲԸ-ի միջև կնքվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի վարկային և ծրագրային համաձայնագրեր` 75 մլն եվրո և 10,2 մլն եվրո գումարի չափով:
Շրջանառվում է Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) կողմից ծրագրի համաֆինանսավորման 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը: Նախատեսվում է նաև դրամաշնորհային ներդրում ծրագրում՝ մինչև 10 մլն եվրոյի չափով, որը կհատկացվի Եվրամիության Հանձնաժողովի կողմից Հարևանության Ներդրումային Գործիքի («NIF») ներքո:
Այդ ծրագրի նպատակն է՝ միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Հայաստան Վրաստան և Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաև 400/220 կՎ լարման ենթակայան:
Էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:
Նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ կառավարությանը և KFW բանկին՝ Հայաստանի էներգետիկ բնագավառի ծրագրերի իրականացմանն աջակցելու համար և նշել, որ էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ նախանշված կարևորագույն շատ ծրագրերի իրականցումը նախատեսվում է նաև Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների համագործակցության շրջանակներում, KFW բանկի խողովակներով ստացվող միջոցներով:
Ռոլանդ Զիլլերն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է իրենց համար, իսկ էներգետիկ բնագավառը՝ KFW բանկի ֆինանսավորման առանցքային ուղղություններից մեկը:
Գերմանիա կատարած այցի շրջանակներում նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Ուվե Բեկմայերի հետ: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-գերմանական համագործակցության վերաբերյալ հարցերը:
Երվանդ Զախարյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները:
Պետքարտուղար Ուվե Բեկմայերը ևս բարձր է գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ տնտեսական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությունը բավական արդյունավետ է:
Նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ ՀՀ էներգետիկայի բնագավառում իրականացված և նախատեսվող ծրագրերին շարունակական աջակցության համար:
Ուվե Բեկմայերը նշել է, որ ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարությունը կաջակցի Հայաստանին՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներգրավել նաև գերմանական ընկերությունների ներդրումները: