02/03/2015 13:17
Վարդան Պետրոսյանի գործով Վերաքննիչ բողոքը կներկայացվի մինչև օրվա վերջ
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը մինչև օրվա վերջ կներկայացնի Վերաքննիչ բողոքը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Ռ. Բալոյանը:
Նշենք, որ ավելի վաղ մեր թղթակցի հետ զրույցում Ռ. Բալոյանը ասել էր, որ բողոքը ներկայացնելու վերջնաժամկետն է մարտի 2-ը:
«Տուժող կողմի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա, չգիտեմ, իրենց մոտ ինչպե՞ս է: Մտածում եմ՝ մարդ են, կարող է փորձեն ինչ-որ քայլ անեն»,- ասել էր փաստաբանը՝ նշելով, որ խոսքը հաշտեցման մասին է:
Նրա խոսքով՝ մինչև այժմ որևէ հաշտեցման քայլ չի արվել այս ընթացքում նրանց կողմից:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Վ. Պետրոսյանը դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով 2 տարի ժամկետով:
Վ. Պետրոսյանի գործով դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ասել էր.
«Մենք գիտենք, որ համաներման ակտերի ժամանակն է մոտենում և 5 տարվա ազատազրկման դեպքում համաներման ակտով գործը կկարճվի: Եթե տուժող կողմը հանկարծ որոշի բողոքարակել դատական ակտը, դատավորին ոչինչ չի մնա, քան դատարանի դահլիճից ազատ արձակել Վարդան Պետրոսյանին, քանի որ եթե պատիժը թողնի անփոփոխ, ապրիլին ինքն ամեն դեպքում տանը կհայտնվի: Դատավորը, փաստորեն, մերժեց քաղհայցը, որովհետև նա նյութական պահանջ չէր կարող ներկայացնել, դատավորը իրավիճակային լուծում տվեց պետության վնասի փոխհատուցման հարցին, որովհետև ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր 18 մլն, ինքը բռնագանձումը տարածեց Վարդանին՝պարտավորեցնելով վճարել 12 մլն դրամ, ինչը նշանակում է, որ պետությունը կամ ավելի քիչ գումար կստանա, քան պետք է ստանար, կամ էլ և ապահովագրական ընկերությունը պետք է 1.8 մլն դրամ փոխհատուցի և Վ. Պետրոսյանը 1.2 մլն դրամ հատուցի, ինչը նույնպես անտրամաբանակն է»: