02/03/2015 13:54
«Պրոբացիոն ծառայության ներդրումից առաջ պետք է փոխել մտածելակերպը»
Այս տարի ապրիլ ամսին նախատեսվում է կազմակերպել պրոբացիոն ծառայության փորձնական փուլի անձնակազմի համար առաջին վերապատրաստման դասընթացը: Այս մասին իր խոսքում ասաց ծրագրի ղեկավար, ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ երկու մարզերում գործարկվելիք այս պիլոտային կառույցների անձնակազմը հիմնականում համալրված է լինելու այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման աշխատակիցներով, և հնարավորության դեպքում կփորձեն նաև ներգրավել այլ մասնագիտությունների տեր անձանց`սոցիալական աշխատողների, հոգեբանների և այլն:
Այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի պետ Լևոն Ավետիսյանի խոսքով՝ Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որքան էլ կատարում է իր ֆունկցիաները, մեծապես տարբերվում է պրոբացիոն համակարգից և պետք է աշխատակիցներին որոշակի վերապատրաստել՝ պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրում ներգրավվելուց առաջ:
«Մեր ծառայությունում աշխատողների և ՔԿ հիմնարկում աշխատողների մտածելակերպն արդեն իսկ տարբեր է, որովհետև այս մարդիկ չեն աշխատում ՔԿՀ-ներում առկա ներքին կանոնակարգով, այսինքն` արդեն ավելի ազատ գոտի է: Այս աշխատողների առավելությունը լինելու է այն, որ նրանք արդեն իսկ ունեն որոշակի փորձ` դատապարտված անձանց հետ աշխատելու հետ կապված, բայց ֆունկցիաները լիովին տարբեր են լինելու»,-ասաց նա:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ասաց, որ կա մտածելակերպի արմատական փոփոխության կարիք:
«Անկեղծ ասած, մեզ համար էլ է դժվար: Օրինակ, գալիս է մարդասպանի հարազատը, ասում է` իմ հարազատին ինչո՞ւ չեք պայմանական վաղաժամկետ ազատում, բայց դու կարդում ես այդ գործը, վերհիշում ես այդ մարդու կատարած հանցանքը, օրինակ` մի քանի հոգու դիտավորյալ սպանություն և հոգեբաներոն դժվար է լինում համակերպվել այն մտքի հետ, որ այդ մարդը կարող է հայտնվել ազատության մեջ»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ «պետք է փոխենք մեր մտածելակերպը»:
Սուրեն Քրմոյանի կարծիքով՝ մտածելակերպի փոփոխությունը կարող է իրականացվել համակարգի աշխատակիցների կրթական ու վերապատրաստման ծրագրերի միջոցով:
«Որպեսզի դատավորը շփվի դատավորի, դատախազը` դատախազի հետ, և փորձի փոխանակման արդյունքում տեղում հասկանա, թե ինչում է խնդիրը»,- ասաց նա:
Լ. Ավետիսյանի խոսքով՝ ՀՀ-ում որոշակի քանակով կատարվում են միայն ազատազրկման հետ չկապված պատիժները:
«Երբ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, հետագայում դատապարտումը արդեն տրվում է ազատազրկում: Այսինքն խնդիր ենք ունենում հենց սկզբից, երբ որ ընտրվում է խափանման միջոցը»,- ասաց Լ. Ավետիսյանը:
Բանախոսները համակարծիք էին այն հարցում, որ մտածելակերպի փոփոխության հիմնական պայմանը օրենսդրության բարեփոխումն է: