04/03/2015 14:29
Օսլոյում Հայոց ցեղասպանության թեմայով փառատոն է անցկացվում
Այս օրերին Օսլոյում ընթանում է «Red Zone» փառատոնը, որը կազմակերպել է Օսլոյի Եկեղեցական Միջմշակութային Կենտրոնը (Kirkelig Kulturverksted)` Նորվեգիայի ԱԳՆ աջակցությամբ: Փառատոնի այս տարվա թեման Հայոց ցեղասպանությունն է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Փառատոնի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ «Մոռացության 100 տարիներ» անվանումով համերգը, որին մասնակցեցին երգիչ-երաժիշտներ Հայաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Իրանից: Փառատոնի ծրագրում մարտի 3-ից 8-ը ընդգրկված են Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «ԶԱՌ» թատրոնի «Արմինե՛, քույր» թատերական ներկայացումը, լեհ լուսանկարիչ Մագդալենա Մադրայի «Պատկերներ Անատոլիայից» ֆոտոցուցահանդեսը, շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը, «Աշխարհի կողմից մոռացվածը. Արևմուտքի ընտրովի հիշողությունը» թեմայով քննարկում` Լոնդոնից «Կոմիտաս» ինստիտուտի հիմնադիր տնօրեն Արա Սարաֆյանի, Օսլոյից «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենի և լրագրող Սեբինա Սկատվիկի մասնակցությամբ:
«Red Zone»-ը փառատոն է, որն ընդգծում է խոսքի ազատության արտահայտումն արվեստի միջոցով` ցույց տալով արվեստի ուժը` լույս սփռելու մարդկության պատմության մոռացության խավարի վրա և դատապարտելու անցյալում տեղի ունեցած հանցագործությունների ժխտողականությունը: Այն անցկացվում է ամեն տարի հերթականորեն Օսլոյում և Մերձավոր արևելքի երկրներից մեկում: Փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել Օսլոյում 2013թ., այնուհետև` Բեյրություն և Կահիրեում: