04/03/2015 19:01
Ապրիլի 2-ին աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը համերգ կտա Երևանում
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը կվերադառնա Հայաստան՝ ևս մեկ անգամ իր տաղանդով գերելու հայ երաժշտասերներին:
Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա անվանի դաշնակահարի մենահամերգը:
Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը, Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը, Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները, Լիստի Ռակոցի-մարշը:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքերով, Եվգենի Կիսինը մեր երկրի և փառատոնի լավագույն ընկերն է :
«Երբ առաջին անգամ նա եկավ Հաըաստան, մեկնելու ժամանակ խոստացավ, որ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա այստեղ: Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք իրենից, որ ապրիլին նա Հայաստան կգա նոր ծրագրով»:
«Այդ ծրագիրն այս տարի նա նվագում է աշխարհի ամենամեծ բեմերում:
Փառատոնի այս տարվա բոլոր համերգներն էլ նվիրվելու են ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Փառատոնը անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ
Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Տասը տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի Դաշնամուրի կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսվկայում հանդես եկել մենահամերգով։
Հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։