07/03/2015 13:59
Շիրակի մարզում ձորը գլորված մեքենայի վարորդը մահացել է հրազենային վնասվածքներից
Այսօր ժամը 08.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գյուղի մոտակայքում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, մահացած մարդ կա: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի-Բավրա ավտոմայրուղու 138-րդ կմ/ում, ձորակի մեջ, մոտ 120 մ խորության վրա, հայտնաբերել է «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահի հետևի նստելատեղին եղել է սեփականատիրոջ՝ 1984 թ ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ որովայնի և մեջքի հատվածում հրազենային վնասվածքներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները ճշտվում են: Կատարվում է քննություն: