09/03/2015 10:49
Արթուր Աֆյանի դին գտել են. Վարկածները քննարկվում են
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող Արթուր Աֆյանը հայտնաբերվել է կախված վիճակում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Աֆյանի կնոջ հարազատներից:
Հարցին՝ իսկ որքանո՞վ է հավանական համարում այն վարկածը, որ նա ինքնասպան է եղել, Aysor.am-ի զրուցակիցը ասաց, որ առայժմ վարկածներ առաջ չեն քաշում, սպասում են արդեն նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանին:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 1989թ. ծնված Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել հայտնաբերել Ա. Աֆյանին։
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։