09/03/2015 18:18
Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևոր է ԱՄՆ կառավարության համար
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհավորել է դեսպան Միլսին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:
Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանի էներգետիկ ոլորտին, մասնավորապես՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքներից ու ընթացքից: Դեսպան Ռիչարդ Միլսի խնդրանքով նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Ռիչարդ Միլսը նշել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ևս էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի նույնքան արդյունավետ: