09/03/2015 20:19
Գումար աշխատել չի նշանակում «գրդոն» անել ու վատ երաժշտություն գրել. Նարեկ Բավեյան
Նարեկ Բավեյանն, ով երաժշտական ասպարեզում վերջին շրջանում առավել լուռ է դարձել, այժմ աշխատում է միանգամից մի քանի ստեղծագործությունների վրա, որոնք երկրպագուներին կհանձնվեն ձայնասկավառակի տեսքով:
«Ես դեռևս միայն մեկ CD ունեմ և գտնում եմ, որ երկրորդի ժամանակը հասունացել է: Ճիշտ է, դա կոմերցիոն առումով նպատակահարմար չէ, բայց այցեքարտ է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր երգչի: Արդեն մի քանի երգ ձայնագրել եմ, մյուսների վրա տարբեր աշխատանքներ եմ տանում: Չեմ կարծում, որ մինչ ձայնասկավառակը՝ երգերը հանրության դատին կհանձնեմ: Այդպես հետաքրքրությունը կկորի»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչը:
Խոսքերի և երաժշտության հեղինակը հիմնականում Նարեկն է: Իհարկե, կլինեն գործեր, որոնք կարժանանան տեսահոլավակների, բայց ամեն ինչ պարզ կլինի ընդհանուր աշխատանքի վերջում: Ձայնասկավառակում ընդգրկված կլինեն և պարային, և հանգիստ կատարումներ.
«Գերակշռում են կոմերցիոն՝ 6/8 ոճի երգերը, մեկ-երկու երգ էլ լիրիկական ոճի մեջ կլինեն: Ինչ արած, պետք է գումար աշխատել: Թեև, ցանկացած ոճի երգ էլ ես աշխատում եմ որակով ու ճաշակով մատուցել: Գումար աշխատել չի նշանակում «գրդոն» անել ու վատ երաժշտություն գրել»:
Նարեկ Բավեյանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչպես է պատրաստվում գեղեցկացնել ու զարդարել սիրելիի գալիք տոնական օրը.
«Նվերի տեսքով անակնկալ արդեն պատրաստել եմ: Ինքս եմ նվերն ընտրել և վստահ եմ, որ նրան շատ դուր կգա»:
Առիթից օգտվելով` երգիչը շնորհավորեց նաև բոլոր կանանց ու աղջիկներին:
«Ամենալավ նվերն այն է, որ յուրաքանչյուր կնոջ կողքին լինի հոգատար և սիրող մարդ: Իսկ եթե այդ հոգատար մարդը ունի նաև հնարավորություն, թող գեղեցիկ ու լավ անակնկալներ մատուցի և ուրախացնի իր սիրելիներին»,- ասաց Նարեկ Բավեյանը: