10/03/2015 13:21
Ադրբեջանցի դիվերսանտների գործով Վերաքննիչ բողոքը մերժվել է
ԼՂՀ Վերաքննիչ դատական ատյանն այսօր մերժել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանի ու Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքները: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավճռով Գուլիևը դատապարտվել է 22 տարվա, իսկ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման:
Է. Բեգլարյանը հայտնեց, որ հավանական է, որ կներկայացնեն Վճռաբեկ բողոք, սակայն իր պաշտպանյալի հետ դեռևս վերջնական չի քննարկել այս հարցը:
Շ. Գուլիևի պաշտպան Ա. Իսրայելյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք ևս դեռ հստակ չեն որոշել՝ Վճռաբեկ բողոք ներկայացնելու են, թե ոչ:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: