10/03/2015 16:13
Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանի գործն ուղարկվել է դատարան
Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում հայտնված զինվորական Արսեն Բաղդասարյանի գործով քննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Այս մասին գրում է ադրբեջանական APA-ն՝ նշելով, որ Արսեն Բաղդասարյանի նկատմամբ քրգործ է հարուցվել մի քանի հոդվածներով:
Մասնավորապես՝ քննությունն իբրև թե հաստատել է, որ Արսենը հատել է շփման գիծը հակառակորդի դիրքերի մոտ ականապատման աշխատանքներ կատարելու համար:
Նշենք, որ հունվարին ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Արսենը սահմանն անցել է ինքնակամ՝ չդիմանալով «հայկական բանակում տիրող բարքերին»: Հաղորդվում էր նաև, որ նա ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:
Այսպիսով՝ Ադրբեջանի անգամ պաշտոնական գերատեսչությունն, այս դեպքի վերաբերյալ շատ հակասական վարկածներ է ներկայացնում:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանի ադրբեջանական կողմում հայտնվելու օրն Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ նա՝ հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: