11/03/2015 18:40
Եվրատեսիլ 2015-ի հայաստանյան երգի պրեմիերան կկայանա մարտի 12-ին՝ Հանրայինի եթերում
«Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մրցութային երգի պրեմիերան կկայանա մարտի 12-ին՝ Առաջին լրատվականի հիմնական թողարկումից հետո: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերինը՝ Իննա Մկրտչյանը:
Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային և այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
Տեսահոլովակը ժամը 21:30-ին հասանելի կլինի նաև Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր ձևաչափով՝ «Genealogy» խմբով ու կներկայացնի Եվրոպա աշխարհամասը (Եսայի Ալթունյան), Ասիա աշխարհամասը (Ստեֆանի Թոփալյան), Ամերիկան (Թամար Կապրելյան), Աֆրիկան (Վահե Թիլբյան), Ավստրալիան (Մերի-Ջին), իսկ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող երգիչը կբացահայտվի հոլովակի պրեմիերայով։