11/03/2015 12:28
Երևանն այսօր վերջապես ասաց բարև «Carrefour»-ին
Երևանն այսօր վերջապես ասաց բարև «Քարֆուր» առևտրային ցանցի առաջին խանութին, որն իր դռները բացեց «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում: Առաջին, քանզի ընկերությունը մտադիր չէ բավարարվել մեկ խանութով, առավել ևս, որ հայաստանյան շուկան լայն հնարավորություններ է ընձեռում ունենալ մի քանի խանութ ևս: Հիպերմարկետի բացման արարողությանը ներկա գտնվեց երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Քարֆուրի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի հետ միասին շրջեցին նորաբաց խանութում, ծանոթացան ներկայացված ապրանքատեսականուն, որի ներկայացվածության հարցում նախապատվությունը տրվել է հայ արտադրողների արտադրանքին:
«Մենք աշխատում ենք երկու ուղղություններով. առաջին հերթին մենք մտածում ենք մեր հաճախորդների գնողունակության մասին, այդ իսկ պատճառով հանդես կգանք բազմաթիվ ակցիաներով և մեր ակցիաները համեմատաբար ավելի էժան կլինեն, քան մեր մրցակիցներինը: Երկրորդ` առաջնահերթությունը տալու ենք հայկական արտադրողներին, և այսօր արդեն հիպերմարկետում կտեսնեք, որ հայկական արտադրանքը ընդգծված և առանձնացված է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քարֆուրի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը: Վերջինս ասաց, որ առաջնահերթությունը հայկական արտադրանքին իհարկե տրվելու է այս խանութում, սակայն բանակցություններ են տարվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, որպեսզի հայկական արտադրանքը նաև արտահանվի: Եվ ինչու չէ` մի օր գուցե այն հայտնվի «Քարֆուրի» ցանցերից մեկի տաղավարներում:
Ինչ վերաբերում է այլ խանութների բացմանը, ապա պարոն դը Նալը նշեց, որ ընկերությունն ընդլայնվելու նպատակներ ունի, որովհետև Երևանի նման քաղաքը այսպիսի մի քանի հիպերմարկետների կարիք ունի.
«Մեկ միլիոն բնակիչ ունեցող քաղաքի համար շուկան բավական է: Մեր նպատակն է էժան լինելը և մենք կլինենք այդպիսին»,- շեշտեց նա:
Ի դեպ, տնօրենը հատուկ նշեց, որ «Քարֆուր» ընկերության բաժնետոմսերը երկու մասով են բաժանված. «Քարֆուր Ֆրանսիա», որի բաժնետերերը ֆրանսիացիներն են և ունեն ֆրանչայզինգներ, որոնցից մեկը «Majid Al Futtaim»-ինն է, որին էլ պատկանում է այն «Քարֆուրը», որ բացվեց այսօր Երևանում: Aysor.am-ի ճշտող հարցին ` այսինքն երևանյան «Քարֆուրը» բացվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող ընկերության կողմի՞ց հարցին Քրիստիան դը Նալը պատասխանեց.
«Այո, անշուշտ դա ճիշտ է: Մենք պատկանում ենք «Majid Al Futtaim» խմբին, որի կենտրոնը գտնվում է Դուբայում»:
Երևանյան «Քարֆուրը» իր հաճախորդների ժամանակի խնայողության համար բազմաթիվ առաջարկներ ունի: Այսպես, մի տանիքի տակ հնարավոր կլինի գնել ոչ միայն սնունդ, այդ թվում և արագ պատրաստվող ու հենց ձեր աչքի առջև` բաց խոհանոցներում, թարմ միրգ և բանջարեղեն, այլև հագուստի մեծ տեսականի, էլեկտրատեխնիկա և նույնիսկ թարմ ծաղիկներ: Տարածքը բավականին մեծ է ու հարմարավետ տեղաշարժման համար, ինչպես նաև արդեն այսօր շատ են ակցիաների տակ վաճառվող ապրանքատեսակները, որոնք հնարավորություն են ընձեռում խնայել ընտանեկան բյուջեն:
Հիշեցնենք, «Քարֆուրի» և «Երևան Մոլի» միջև հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը ստորագրվել էր 2014թ-ի մայիսի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ` վերջինիս Հայաստան պետական այցի շրջանակում: Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի այդ այցի շրջանակում հայ-ֆրանսիական համագործակցության մի շարք նոր փաստաթցթեր ստորագրվեցին: