11/03/2015 12:53
Ս. Կարապետյան. Մեր նպատակը հայրենիքը գավառ առ գավառ ներկայացնելն է
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր ասուլիսի ընթացքում ներկայացրեց «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի առաջին՝ «Հայոց ձոր» հատորը:
Նրա խոսքով` իրենց նպատակն է հայրենիքը գավառ առ գավառ ներկայացնելը:
«Գրքաշարը լինելու է 36 հատոր, և երբ բոլոր հատորները հրատարակվեն, կստանանք Մեծ և Փոքր հայքերի քարտեզը»,-ասաց նա՝ նշելով, որ այս նախագիծն իր ձևավորման շնորհիվ կառանձնանա:
Սամվել Կարապետյանը նշեց, որ գրքաշարը ունի 130 բաժանորդ, որոնց մեծ մասը` իգական սեռի ներկայացուցիչներ են, թեև ծախսերը փոխհատուցելու համար անհրաժեշտ էր, որ այն ունենար 700 բաժանորդ:
«Այս տարվա ընթացում լույս կտեսնեն երկրորդ և երրորդ հատորները»,-ասաց հուշարձանագետը՝ նշելով, որ գրքի բոլոր հտորները հրապարակելու համար իրենցից տասից տասներկու տարի կպահանջվի` կապված ֆինանսական միջոցների հետ:
«Մենք մեր երկիրը հասցրել ենք կորցնել՝ առանց նույնիսկ ամբողջությամբ այն ճանաչելու»,- Արևմտյան Հայաստանի մասին խոսելիս ասաց հուշարձանագետը:
Առաջին հատորի շնորհանդեսը կլինի վաղը՝ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանում, ինչպես նաև ազատ վաճառք: