12/03/2015 17:21
Նոր հորիզոններ. Քուվեյթը հետաքրքրված է Հայաստանով ու մեր տնտեսությունով
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Քուվեյթում և ըստ ստացվող տեղեկատվության` այցը բավականին հագեցած է ու արդյունավետություն խոստացող հիմքեր պարունակում մեր երկրի տնտեսության զարգացման համար: Այս պահի դրությամբ արդեն վարչապետը հանդիպել է Քուվեյթի Էմիրին, Քուվեյթի ԱԺ նախագահին, Առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավարության հետ: Այս բոլոր հանդիպումների առանցքում կարևոր մի առանձնահատկություն կա. ոչ միայն զարգացնել երկկողմ հարաբերությունները գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում, օրինակ` ստորագրելով զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր կամ սերտացնել կապերը երկու ժողովուրդների միջև, այդ թվում և Հայաստանի ու Քուվեյթի միջև ուղիղ չվերթներ ունենալու միջոցով, այլև ներդրումներ բերել Հայաստան, ինչը մեր տնտեսության համար չափազանց կարևոր է: Բացի այս, կարևորվել է երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը, ինչն անշուշտ նոր թափ կհաղորդի գործարար կապերի զարգացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Վարչապետի այցը հենց այս փուլում, երբ Հայաստանը նոր է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, կարևոր է նաև այն իմաստով, որ ցույց է տալիս՝ նոր շուկաների փնտրտուքը ամենևին էլ փակված թեմա չէ Հայաստանի համար, ինչպես փորձում են ներկայացնել ԵՏՄ-ի ընդդիմախոսները 2013թ-ի սեպտեմբերի 3-ից հետո: Դրա վառ ապացույցը նաև այն է, որ այսօր Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Աբդուլ Վահաբ Մուհամադ Ալ-Վազանի գլխավորած պատվիրակությանն իր կեցավայրում ընդունած Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է Քուվեյթի համար դառնալ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու լավ հարթակ և որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր ներդրողի՝ ծրագրերը լավագույնս իրականացնելու համար:
Ավելին` արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ներկայացնել ներդրումային տարբեր նախագծերի առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը, հատկապես, որ կողմերը երկուստեք նշել են, որ մեր երկրների միջև առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ:
Ուշագրավն այն է, որ վերջին երկու տարվա ընթացքում հայ-քուվեյթյան հարաբերությունները, կարծես, նոր մակարդակի են տեղափոխվել` հատկապես Քուվեյթի Կառավարության նոր կազմի հաստատումից հետո: Մասնավորապես անցած մեկ տարվա ընթացքում Քուվեյթից բազմաթիվ ազդակներ են ստացվել երկու երկրների միջև հարաբերությունների խորացման ու զարգացման առումով: Այդպես, 2014թ-ի հունվարին Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին ասել էր, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդմանը և երկկողմ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու պատրաստակամությանը: Հունիսին արդեն վարչապետ Հ.Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ դեսպանը վերստին հաստատել էր այդ համագործակցության զարգացման կարևորությունը, ինչպես նաև խոստացել Քուվեյթի ներդրումային հիմնադրամին մանրամասն ներկայացնել ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը և ներդրողների համար բացվող հեռանկարները:
Ինչպես տեսնում ենք, մի քանի ամիս անց ՀՀ Կառավարության ղեկավարը արդեն Քուվեյթում քննարկեց բոլոր այդ հարցերը, երբ Հայաստանը փաստացի ԵՏՄ անդամ է և վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանի համար նոր բացվող հեռանկարներն արյուն ու միս են ստանում:
Այսպիսով կարելի է փաստել, որ Հայաստանը Քուվեյթի համար հետաքրքրություն ներկայացնող երկիր է դարձել, ոը անկախ նրանից, թե դրա հիմքում ինչ է ընկած` բարեկամությունը Հայաստանի հետ, թե նաև ԵՏՄ շուկա դուրս գալու հեռանկարը, այդուհանդերձ միանշանակ է, որ Հայաստանը, մեր երկրի տնտեսությունը դրանից միմիայն շահելու է:
Նշենք, որ հայ-քուվեյթյան համագործակցությունը մի քանի տարվա պատմություն ունի, գոյություն ունի տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են հանրապետության գործադիր և այլ մարմինների ներկայացուցիչներ` ՀՀ նախագահի աշխատակազմից, նախարարություններից, Կենտրոնական բանկից, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից և այլն: