12/03/2015 09:18
«Քարֆուրը»՝ կորսված հնարավորությունների խորհրդանիշ
«168 Ժամը» գրել է. «Երեկ Երևանում պաշտոնապես բացվել է ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետը: Համաշխարհային հեղինակավոր այս ցանցի ներկայությունն իսկապես նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար և արդարացիորեն ոգևորել է շատերին ինչպես՝ կենցաղային մակարդակում, այնպես էլ՝ որպես տնտեսական-քաղաքական իմաստով աննախադեպ քայլ մոնոպոլացված տնտեսություն ունեցող երկրի համար: Բայց «Քարֆուրի» բացումն իսկապես նշանակալի լինելով՝ ցույց է տալիս նաև Հայաստանի թշվառությունը:
Եթե Հայաստանը չհրաժարվեր Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից ու չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, «քարֆուրների» ու եվրոպական այլ հեղինակավոր բիզնես միավորների մուտքը Հայաստան լինելու էր ոչ թե աննախադեպ, այլ օրինաչափ երևույթ: Եվրոասոցացումը հեռանկարում հանգեցնելու էր նաև Հայաստանի տնտեսության եվրոպականացմանը, Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տնտեսական տիրույթին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայաստանն իրեն զրկեց այդ հնարավորությունից, ինչի արդյունքում այսօր ստիպված ենք այսքան ոգևորվել եվրասիականացվող Հայաստանում եվրոպական բիզնեսի այսպիսի ներկայացվածությամբ»։