12/03/2015 10:43
Մաշա Մնջոյանը մեկնում է հյուրախաղերի
Ապրիլի 7-ին Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի հետ միասին Մաշա Մնջոյանը մեկնում է Իտալիա և Ֆրանսիա: «Իտալիայի Սուրբ Պետրոս Տաճարում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սբ. Պատարագ է մատուցվելու Հռոմի պապի կողմից՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Պատարագի ընթացքում մենք կերգենք շարականներ: Պատասխանատվությունը շատ մեծ է, բայց անվստահություն չունենք, միշտ ու տարբեր առիթների հավուր պատշաճի ենք ներկայացել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշել է Մաշա Մնջոյանը:
Երգչուհին ունի հրավեր Ավստրալիայից, սակայն այդ մասին դեռևս չի ցանկանում մանրամասնել:
Մաշա Մնջոյանը պասիվ չէ նաև անհատական երգարվեստում: Նա արդեն իսկ ունի մի քանի նվեր-երգեր.
«Մեկ դուետ ունեմ Սոնայի հետ, երգը նվիրել է Գուժը: Սակայն երկուսս էլ անընդհատ զբաղված ենք լինում ու չենք հասցրել ձայնագրվել: Հուսով եմ, շուտով կհարմարեցնենք»:
Երգչուհին Գուժից ևս մեկ երգ է նվեր ստացել, որն ռոքային ոճի մեջ է:
«Սա ևս շատ գեղեցիկ, հզոր երգ է: Մի փոքր ռոքային շունչ կա այս երաժշտության մեջ, բայց ինձ շատ է դուր եկել: Դեռևս բառերը չեն գրվել, սակայն այս պատասխանատու հարցով դիմել եմ Գայանե Ավետիսյանին: Նա տաղանդավոր մարդ է: Նրա հետ կհամագործակցեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: