12/03/2015 10:39
Համազգային պետական թատրոնը վերադարձել է արտերկրյա հյուրախաղերից
2015 թվականի փետրվարին, Համազգային պետական թատրոնը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունների հրավերներով մեկնել էր ԱՄՆ և Կանադա հյուրախաղերի: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Թատրոնի այս տարվա հյուրախաղերի առանցքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Շխոնց Միհրան» ներկայացումն էր /հեղինակ՝ Մկրտիչ Խերանյան, բեմադրիչ՝ Դավիթ Հակոբյան/: Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի մասին պատմող այս հուզիչ պատմության «գլխավոր հերոսներն» են Կարոտը, Հիշողությունների անվերջ պտտվող անիվը, չմարող Հույսը և ապրելու, արարելու հայ մարդու Ուժը։
Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում, փետրվարի 3-8-ը կայացած թատերական փառատոնին ներկայացվել է Վ. Սարոյանի «Փրկության կղզի», Մ. Խերանյանի «Շխոնց Միհրան», Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա», Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը» ներկայացումները: Համազգային թատրոնի լոսանջելեսյան հյուրախաղերը տեղի հայ համայնքի շրջանում մեծ արձագանք են գտել. խաղացած տասնմեկ ներկայացումներն անցել են ջերմ մթնոլորտում՝ լեփ-լեցուն դահլիճներով և ծափողջույններով: Թատերախումբը ս. թ. փետրվարի 15-ին, Սան-Ֆրանցիսկոյում հանդես է եկել «44 աստիճանի վրա» ներկայացումով, որն արծարծում է հայրենադարձության թեման, և գլխավոր հերոսները Սան Ֆրանցիսկոյից են: Խաչատուրյան հայկական համայնքային կենտրոնի Սարոյան սրահը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, և ներկայացումն արժանացել է ջերմ ընդունելության:
Համազգային պետական թատրոնը՝ ս. թ. փետրվարի 21-ից մարտի 1-ը հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում. Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում թատրոնը ներկայացել է «Փրկության կղզի» և «44 աստիճանի վրա» ներկայացումներով: Համազգայինի թատերախումբը Մոնրեալում և Տորոնտոյում այցելել է նաև հայկական դպրոցներ, հոգևոր-մշակութային կենտրոններ և ծանոթացել սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների գործունեությանը:
Ամերիկահայ և կանադահայ համայնքում Համազգային թատրոնի հյուրախաղերը՝ հայրենիք-սփյուռք մշակութային կապի ամրապնդման գործում գնահատվել է որպես նշանակալի քայլ: