12/03/2015 13:39
Ռիշար Կլայդերման. Ցեղասպանությունը հայ ազգի համար դրամա է եղել
Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը գտնվում է Երևանում, հայ հանդիսատեսի համար մարտի 13-ին և 14-ին հանդես կգա երկու համերգով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռ. Կլայդերմանը ներկայացել էր՝ կրծքին փակցրած Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:
«40 տարի մեծ կարիերա ունենալուց հետո առաջին անգամ եմ Հայաստանում և ինձ շատ հետաքրքիր է: Կարծում եմ՝ այս այցը վերջինը չի լինի: Շրջապատված եմ հայ հրաշալի երաժիշտներով և խանդավառված, որ նվագելու եմ նրանց հետ»,-ասաց նա։
Դաշնակահարի խոսքով՝ համերգի ընթացքում կհնչեն երաժշտություններ այն ալբոմից, որով սկսել է իր կարիերան, իսկ հայկական երաժշտությունից նոր կտորներ կսորովի՝ հաջորդ համերգին կատարելու համար:
«Հույս ունեմ, որ համերգի ընթացքում կկարողանամ կիսվել իմ հույզերով, հույս ունեմ, որ իմ կատարումներից ոմանք կհուզեն նաև հայ ունկնդիրներին»,-ասաց Ռ. Կլայդերմանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա ասաց, որ դա «հայ ազգի համար դրամա է եղել, և ինչպես կյանքի այլ իրավիճակներում, այնպես էլ այս դեպքում, երաժշտությունը կյարող է օգնել՝ մոռացության տալու և մեղմելու ցավը»:
Դաշնակահարը ասաց, որ իր հաջողության գրավականն այն է, որ կարողացել է ճիշտ կոմբինացիա ստեղծել դաշնամուրի և երաժշտության միջև:
Ի պատասխան դիտարկմանը, որ իրեն կոչել են ռոմանտիկայի արքայազն, իսկապե՞ս դա այդպես է, Ռ. Կլայդերմանը ասաց. «Կարծում եմ, որ այն երաժշտությունը, որը կատարում եմ, և դաշնամուրն ինձ ստիպում են ասել, որ ես ռոմանտիկ եմ: Դա իմ կյանքն է, իմ կենսակերպը»: