13/03/2015 10:44
Genealogy խմբի վերցերորդ անդամը Ինգա Արշակյանն է
Genealogy խմբի ամբողջական կազմը հայտնի է, քիչ առաջ կայացավ «Don’t deny» երգի պրեմիերան: Խմբի վեցերորդ մասնակիցը սիրված և ճանաչված, ՀՀ վաստակավոր երգչուհի Ինգա Արշակյանն է. հենց նա այս տարի եվրատեսիլյան բեմում կմիավորի երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներին՝ Եսայի Ալթունյանին, Թամար Կապրելյանին, Վահե Թիլբյանին, Ստեֆանի Թոփալյանին և Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանին: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի լրատվական բաժնից:
Միմյանցից տարբեր ոճերով 6 երգիչներին միավորում են երաժշտությունն ու արմատները, սերն ու համերաշխությունը:
Մրցույթին այս տարի Հայաստանը կներկայանա Don’t deny երգով: Այն համամարդկային արժեքների մասին է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային և այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
Don’t deny երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը: Genealogy խմբի առաջին տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները:
Տեսահոլովակում որպես կապող օղակ ստեղծագործական խումբն օգտագործել է հայկական մանրանկարչության զարդանախշի ասեղնագործության ընթացքը: Խաղաղության, ազատության ու բարի լուրի խորհրդանիշ թռչունը բերանում պահում է ծառի ճյուղ, ինչն էլ զուգակցվում է գերդաստանում` աշխարհում, խաղաղության ու ավետիսի տարածման, ազգերի միասնության ու պահպանման գաղափարի հետ:
Տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանի խոսքով՝ ստեղծագործական խմբին հատկապես ոգեշնչել է խմբի անունն ու տարբերանշանը` կենաց ծառը, որը միստիկ, խորհրդավոր տարբերակով փորձել են ստանալ տաղավարի տեսքով: «Ինչպես խմբի 6 հայ մասնակիցներն են աշխարհով մեկ սփռվել, այնպես էլ ծառի ճյուղերն են պատեր դարձել ժամանակի ու սերունդների միջև: Սակայն ո՛չ տարածությունը, ո՛չ դժվարությունները չեն կարող խոչընդոտ դառնալ, երբ մարդիկ ցանկանում են լինել միասին»:
Տեսահոլովակի ոճաբան Արմեն Գալյանը փորձել է զուգակցել եվրոպական և հայկական նորաձեւության մոտեցումները՝ տալով ժամանակակից լուծումներ: «Երբ ասում ես genealogy, անմիջապես մտքիդ գալիս են ռետրո լուսանկարներ, կենաց ծառ: Տեսահոլովակի համար ստեղծվել են և օգտագործվել այսօր նորաձեւ համարվող պարզ ձևվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով, փոքր-ինչ գոթական, նաև հայկական ավանդական հագուստներ, որոնք ամբողջական են դարձել հայկական արծաթագործության նմուշներով:
Ինչպես նաև օգտագործվել են մեր մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության նախշերով կրծքանշաններ, որոնք այսօր նույնպես շատ արդիական են»:
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով՝ բացի խմբի անդամներից, տեսահոլովակում աշխարհը խորհրդանշող գերդաստանի անդամների դերում նկարահանվել են նաև հայտնի դերասաններ, արվեստագետներ: «2 երկարուձիգ, բայց արագընթաց օր տևեցին նկարահանումները, քանի որ մեր երգիչները կարճ ժամանակով էին Հայաստանում, իսկ անելիքը շատ էր: Հայաստանում տեսահոլովակների արտադրության պրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ ենք համագործակցել և արդյունքը շատ գեղեցիկ է ստացվել: Կարծում ենք, որ այս ոճի տեսահոլովակը նորություն կլինի Եվրատեսիլի շրջանակներում»: