13/03/2015 14:45
Չարենցի էրոտիկ բնույթի ստեղծագործությունների հրատարակելու հարցում հակասություններ կան. Գրականագետ
Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Այդ առիթվ հրավիրված մամլո ասուլիսում «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, անդրադառնալով գրողի կենսագրությանը, նրա գործունեությանը, նշեց, որ Չարենցի անձի, ստեղծագործությունների շուրջ բազմաթիվ մութ կետեր, առեղծվածներ կան, որոնք մինչ օրս չեն բացահայտվել:
Այդ կապակցությամբ գրողն առաջարկում է հրատարակել չարենցյան ժողովածու՝ հասարակության լայն շերտի համար: «Անկախության շրջանում Չարենցի տպագրված գրքերը կարելի է մատների վրա հաշվել, ինչը կարելի է պայմանավորել մի շարք բարդություններով»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այսօր հակասություններ կան հիմնականում Չարենցի էրոտիկ բնույթի ստեղծագործությունների հրատարակելու հարցում: «Պետք է տարբերակվի այն ստեղծագործությունները, որոնք նախատեսված են հասարակության լայն շերտի համար, իսկ սահմանափակ քանակով որոշ ստեղծագործություններ՝ գրադարանների, գիտնականների համար: Չարենցագիտությունը փաստերը վերաճշգրտելու կարիք ունեն: Ամեն դեպքում մենք շարունակում ենք թերի ներկայացնել Չարենցին, իսկ երբ շատ, ամբողջական կարդանք Չարենց, նրա ոչ մի արարք տարօրինակ չի համարվի»,- ասաց նա:
Ասուլիսին մասնակից գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ Ռուսաստանում գտնվող Չարենցի հայրական տունը անմխիթար վիճակում է: Նա նկատեց, որ այդ տունը հանձնված է մասնավոր հատվածին, բայց այդ մասին ոչինչ չի ասվում:
«Մեր իշխանությունները պետք է այդ հարցը բարձրացնեն»,- ասաց նա՝ շարունակելով, որ հետազոտություններ և ուսումնասիրություններ են կատարվել, որոնք պարզել են, որ դեռ 30-ական թվականների սկզբից Չարենցը գտնվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ուշադրության ներքո:
«Մենք դեռ չգիտենք, թե ինչու է Չարենցը որոշ ժամանակ բնակություն հաստատել Լենինգրադում»,- հավելեց նա:
Շարունակելով խոսքը՝ նա նշեց, որ չարենցյան վավերագրերն այսօր էլ շարունակվում են տպագրվել: «Առանձնապես մեծ պահանջներ ես չունեմ Չարենց ընկալողներից, թող յուրաքանչյուր մարդ իր ընկալումների սահմաններում ընկալի Չարենցին: Չէի ցանկանա մեկին պարտադրել, մյուսին՝ ստիպել, որպեսզի կարդան Չարենց, բայց մարդիկ իրենք պետք է Չարենց կարդալու պահանջ զգան»,- ասաց նա:
Արքմենիկ Նիկողոսյանն էլ իր հերթին հավելեց, որ պետք է այսօր սերունդներին պարտադրել, որպեսզի Չարենց կարդան: «Ես կպարտադրեի ու կցանկանայի, որ պատկան մարմինների ներկայացուցիչները կարդային Չարենցի «Գիրք ճանապարհին», որպեսզի իմանան, թե ինչպես պետք է կառուցել պետություն»,- եզրափակեց նա: