16/03/2015 18:16
Ալեգրովայի համերգը կրկին հետաձգվում է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 6-ին նախատեսված ռուսական էստրադայի, հայազգի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը կրկին հետաձգվում է: Թեև ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 6-ին կայանալիք համերգը տեղափոխվում է ապրիի 6-ին, բայց այսօր հրավիրված մամլո ասուլիսում «Ֆորտպոստարտ» ընկերության ներկայացուցիչները ներողություն խնդիրեցին հայ հանդիսատեսից և կոչ արեցին համբերությամբ զինվել. համերգը անպայման կայանալու է, բայց ոչ թե ապրիլի 6-ին, այլ՝ մայիսի 23-ին:
Ընկերության ղեկավարները նշում են՝ այն որ համերգը պետք է կայանա, դա միանշանակ. դրանից է կախված ոչ միայն երգչուհու, այլ ընկերության հեղինակությունը: «Պետք չէ տոմսերից հրաժարվել կամ տոմսերը հետ վերադարձնել, կամ դրանք տոմսարկղերում այլ համերգի տոմսերի հետ փոխելու ելքեր փնտրել: Համերգն անպայման կայանալու է»,- ասաց «Ֆորպոստարտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Տոլստելևը՝ հավելելով, որ տոմսերի վերադարձման հետ կապված կա հատուկ ընթացակարգ, որով էլ պետք է դրանք հետ վերադարձնել:
«Տոմսերը պետք է վերադարձնել ոչ թե տոմսարկղերում, այլ մեզ մոտ՝ ընկերությունում, նախապես հայտ ներկայացնելով մեր պաշտոնական կայքում: Բոլոր գնված տոմսերը գործելու են, իսկ նրանք, ում հարմար չէ այդ օրը, կարող են վերադարձնել իրենց տոմսերը՝ այդ մասին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով [email protected] հասցեին»,- ասաց նա:
Ընկերության տնօրենն ապատեղեկատվություն է համարում այն, թե երգչուհին հրաժարվել է բեմ դուրս գալ՝ հոնորարը չվճարելու պատճառով: «Ի. Ալեգրովան մինչև վերջ փորձում էր պայքարել, որպեսզի բեմ դուրս գա: Ինչ վերաբերում է հոնորարին, ապա շոու բիզնեսում գործում է հստակ մեխանիզմ. ամեն համերգի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվում դեռ համերգից վեց ամիս առաջ և հենց այդ պահին էլ վճարվում է հոնարարի 50 տոկոսը, իսկ մնացածը՝ համերգից մեկ ամիս առաջ»,- հավելեց տնօրենը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին նախատեսված համերգը հետաձգվեց երգչուհու առողջական խնդիրներով: Իսկ ապրիլի 6-ին կայանալիք համերգն այս անգամ հետաձգվում է ապրիլքսանչորսյան միջոցառումների պատճառով: «Ապրիլի 24-ին ընդառաջ ՄՄՀ նախատեսված է ֆորում: Մենք նախատեսել էինք, որ այն տեղափոխվի մարտի 24-ին, բայց երգչուհու գրաֆիկը ևս շատ հագեցած է: Մենք ներողություն ենք խնդրում հայ հանդիսատեսից, բայց հուսով ենք, որ նա ըմբռնումով կմոտենա այս հարցին: Միջոցառման անցկացման համար համերգասրահի տեսքն ամբողջությամբ պետք է փոխվի, հատուկ թեմատիկ դեկորացիաներ տեղադրվեն, ինչը հսկայական աշխատանք և ժամանակ է պահանջում: Այդ դեկորացիները հանվելու է մինչև մայիսի 15-ը: Չնայած որ Իրինա Ալեգրովան ունի շատ հագեցած գրաֆիկ, ըմբռնումով մոտեցավ և կարողացավ այնպես անել, որ մայիսի 23-ին ելույթ ունենա Երևանում»,- մանրամասնեց տնօրենը:
Անդրադառնալով Ի. Ալերգրովայի՝ Հայաստան ժամանելուն, ապա ընկերության ղեկավարությունը վստահեցնում է, որ երգչուհին Երևան է ժամանել մարտի 6-ին: Նա վատառողջ է եղել մինչև Հայաստան ժամանելը: Իսկ այն խոսակցությունները, թե Ալեգրովան չի եղել Հայաստանում, դա պարզապես հերյուրանք է: Դա են փաստում նաև «Ֆորտպոստարտ» ընկերության հետ համագործակցող ընկերությունների ղեկավարները՝ «Hertz» ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը և Իմպերիալ հյուրանոցային համալիրի տնօրեն Տիգրան Սանասարյանը. նրանք երգչուհուն անձամբ են տեսել: