18/03/2015 16:23
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Հայաստան - Եվրոպական Միություն բարձր մակարդակի պարբերական հանդիպումները՝ ընգծելով, որ դրանք նպաստում են երկկողմ օրակարգի առաջմղմանն ու համագործակցության ընդլանմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանձնակատար Հանը նշել է, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, որի շրջանակներում արդեն բավականին արդյունավետ քննարկումներ է ունեցել, և հույս է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակի ձևավորման շուրջ: Այս համատեքստում կարևորվել է իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ապագա մեկնարկը։
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` առկա ձեռքբերումների հիման վրա շարունակելու ԵՄ հետ համագործակցության հետագա խորացումը բոլոր ուղղություններով, հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:
Կողմերը կարևորել են 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնք ճանապարհ են բացում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկ։
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումներին ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական, ֆինանսական աջակցության համար:
Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում հանձնակատար Հանը ԵՄ աջակությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին։
Հանդիպմանը հետևել է նախարար Նալբանդյանի և հանձնակատար Հանի համատեղ մամլո ասուլիսը: