18/03/2015 17:03
Նախագահ. Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ կարգավորումը թեև կենսական են, բայց օրակարգը շատ լայն է
Թուրքիայի ներկայիս իշխանությունները ոչ միայն արդարացնում են օսմանյան իշխանությունների հանցագործությունը, այլև վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների համար: Դրա վառ ապացույցն են Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, նաև վերջին տարիների դեպքերը: Այս մասին, ողջունելով «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումի մասնակիցներին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ վերջին տարիներին թուրք երիտասարդության ու քաղաքացիական հասարակության ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ են խիզախություն գտնում առերեսվելու սեփական պատմության հետ: Սակայն ակնհայտ է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները նման ուղին չեն ընդունում, ավելին` ժխտողականության քաղաքականությունը բերեց նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ:
«Բոլորին է հայտնի, թե որ կողմի պատճառով տեղի չունեցավ հաշտեցումը: Չենք ցանկանում ներգրավվել մի գործընթացում, որը կարող է զոհ դառնալ երրորդ երկրի կամայականության»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:
Նա նկատեց, որ Թուրքիան կանգնեց «զրո հարևան` բազմաթիվ խնդիրներ» իրողության առջև, ինչը նշնակում է, որ Թուրքիան ձգտում էր հարաբերությունների սեփական ընկալումը հարևաններին պարտադրել, որը ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանյան քաղաքականությունը բոլորին պարտադրելու փորձ:
Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ հրավիրել է Թուրքիայի նախագահին ապրիլին գտնվել Երևանում և միասին հարգելու հայոց Եղեռնի զոհերի հիշատակը, բայց, ցավոք, հերթական անգամ ժխտում ենք ստացել, քանի որ Թուրքիայի իշխանությունները որոշել են հենց ապրիլի 24-ին տոնել Գալիպոլիի ճակատարամտի հիշատակը, որի միակ դրդապատճառը միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներից
«Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, զգում է Հայոց ցեղասպանության հետևանքները իր վրա»:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին ու Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումներին, նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Սերժ Սարգսյան նշեց.
«Մենք թշնամություն ու ատելություն չենք սերմանում մեր ժողովրդի մեջ, ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների տասնյակ տարիներ տարվող քաղաքականության»:
ՀՀ նախագահը հայտարարեց նաև, որ թեև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և ԼՂ հակամարտության կարգավորումը կենսական խնդիրներ են մեզ համար, բայց ՀՀ օրակարգը շատ ավելի լայն է.
«Մեր երկրի քաղաքական կարևոր ձեռքբերումներից են քաղաքացիական հասարակության ձևավորումն ու զարգացումը: Քաջ գիտակցում ենք, որ այն ժողովրդավարության կայացման կարևոր բաղադրիչ է»:
Նշենք, որ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումը կանցկացվի Երևանում մարտի 18-20-ը, դրա նպատակն է նախապատրաստել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային արձագանքը: