18/03/2015 11:50
Վիգեն Սարգսյան. Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ երբեք չի եղել թշնամական
Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր արյան և գենետիկ հիշողության մեջ է դրված, այլ մեր երկրի քաղաքական օրակարգում: Ցեղասպանությունը մեծ ողբերգություն է, բայց պետք է օգտագործել պատշաճ ձևակերպում` դա հանցագործություն է, որը պետք է ստանա իր արժանի պատիժը, որովհետև առանց դրա այն միտում ունի կրկնվելու:
Այս մասին, «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի մասնակիցներին ողջունելով, հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Վերջինս ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության թեման շարունակում է ապրել յուրաքանչյուր հայ ընտանիքում, չկա մի ընտանիք, որը չունենա սեփական հիշողությունը այս ողբերգության վերաբերյալ, և այդ պատճառով այն շատ արդիական է յուրաքանչյուրիս համար:
Ի տարբերություն մյուս ցեղասպանությունների, նշեց Վ. Սարգսյանը, Հայոց ցեղասպանությունը շարունակում է մերժվել, ընդ որում՝ այդ փաստը ուրանում է հենց այն պետությունը, որը հանդիսանում է Ցեղասպանությունն իրագործած իշխանության իրավահաջորդը: Ցեղասպանության ուրացումը այդ հանցագործության վերջին փուլն է, որում թաքնված է այն իրավագիտական բարդույթը, որը շարունակում է սուր պահել այդ միտքը մեր հասարակությունում.
«Նեոօսնամինզը նեոիմպերիալիզմի գաղափարախոսությունն է, ըստ էության` թուրք իշխանությունները խոսում են Թուրքիայի իշխանությունն ու հզորությունը վերականգնելու մասին: Թուրքիան հայտարարում է «զրոյական խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մասին, բայց մի քանի տարի անց տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը բերեց զրոյական արդյունքների»,- ասաց նա ու շարունակեց.
«Թուրքիան թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ, որն ապացուցվում է նաև փակ հայ-թուրքական սահմանով: Այս քաղաքականությունն ունի խիստ հիմնավոր փաստարկներ, Թուրքիան ինքն է հայտարարում, որ սա ճանապարհ է` Հայաստանին դարձնելու ավելի զիջողական` ղարաբաղյան հակամարտության հարցում, տնտեսական շրջափակում ստեղծում և այլն»:
Վ. Սարգյանը ներկաներին տեղեկացրեց նաև, որ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը իր արտացոլումն է գտնում նաև միջազգային հարթակներում, որտեղ այս պետությունը պաշտպանում է Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը: Բայց, ընդգծեց նա, Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ երբեք չի եղել թշնամական, Հայաստանը երբեք չի դրել Ցեղասպանության ճաnաչումը որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, և Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը Թուրքիային դրա վառ ապացույցն է:
«Ցեղասպանության պատմությունը չի ավարտվել աշխարհում, քանի որ այսօր էլ գտնվում են մարդիկ, որ կարծում են, որ եթե չկա ազգություն, ապա չկան նաև խնդիրներ: Այդ է պատճառը, որ պարտավոր ենք խոսել այս թեմայի մասին, ահազանգել, քանի որ այդ խնդիրը յուրաքանչյուր պահի կարող է վերադառնալ մեզ մոտ: Որպես ազգություն, որ վերապրել է Ցեղասպանություն, մենք պատրաստ ենք աջակցել, այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում»,- հավաստիացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Նշենք, որ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումը կանցկացվի Երևանում մարտի 18-20-ը, դրա նպատակն է նախապատրաստել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային արձագանքը: