18/03/2015 20:17
Հացի խնդիր կա, հումորի կարիքը պակասել է, Լևոն Մուրադյան
Դերասան-հումորիստ Լևոն Մուրադյանն այսօր պարտադրված, բայց ժամանակավոր հանգստի մեջ է, քանի որ ավարտվել է Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» սերիալը, որտեղ նա կերպարանավորում էր Վռամ Արևշատյանին: Life.panorama.am–ը հետաքրքրվեց դերասանից, թե ինչո՞վ է այսօր զբաղված և արդյո՞ք չունի նոր նախագծում հանդես գալու առաջարկ: «Ես կարծում էի, որ Շանթ հեռուստաընկերությունը ինձ ևս կընդգրկի նոր նախագծերում: Բայց, մինչև այսօր ինձ ոչ-ոք ոչինչ չի ասել: Դա նշանակում է, որ Շանթն ուղղակի հագեցած է «կոմիկներով»: Մի փոքր էլ կսպասեմ, եթե հրավեր չլինի, ապա կընդունեմ այլ հեռուստաալիքներից հրավերներ»,-նշեց Լևոն Մուրադյանը:
Ի դեպ, դեռ ամիսներ առաջ դերասանը բազում առաջարկներ է ունեցել, սակայն, իր իսկ խոսքերով, բնավորության համաձայն, չի կարողացել դավաճանել հեռուստաընկերությանն ու խախտել պայմանագիրը. «Ինձ համար միայն գումարը չի կարևոր, շատ ավելի կարևոր է ստեղծագործական մոտեցումը: Վստահ եմ, «տաշած քարը գետնին չի մնա»: Առ այսօր ոչ մի այլ հեռուստաընկերության առաջարկ չեմ ընդունել, թեև դրանք ֆինանսապես ավելի շահեկան էին: Սակայն, արդեն որոշել եմ, եթե նոր առաջարկ լինի, անպայման կհամաձայնեմ: Ամեն ինչ անցողիկ է, այժմ մի քիչ մառախլապատ է, բայց շուտով ամեն ինչ կպարզի, համոզված եմ»:
Այսօր, ի տարբերություն նախորդ տարիների, յուրաքանչյուր 10 րոպեն մեկ կարող ես հումորային հաղորդում դիտել: Դերասանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մարդիկ այդ աստիճանի ունեն դրա կարիքը, թե՞… «Ըստ իս, այսօր հումորը ոչ այնքան արդիական է, քանի որ մարդիկ ավելի շատ ունեն սոցիալական խնդիրներ, ապրում են այսօրվա օրով: Հումորի կարիքն է պակասել: Այդ պատճառով էլ ասպարեզում ավելի լուրջ մարդիկ են, քաղաքական հարցերով են զբաղված: Մարդկանց սոցիալական, կենցաղային վիճակը թույլ չի տալիս, որ մարդիկ լիովին ուրախանան, ընդունեն հումորը: Հացի խնդիր կա, ապրելու խնդիր»,-եզրափակեց Լևոն Մուրադյանը: