19/03/2015 20:07
Էմիլ Գալստյան. Ցանկանում եմ աշխատել այնպիսի թատրոնում, որտեղ դերասանական խանդ ու պայքար չկա
Life.panorama.am-ը զրուցել է երիտասարդ դերասան Էմիլ Գալստյանի հետ, ով առավել հայտնի է «Բանակում» ու «Քաղաքում» սերիալներից՝ Համբարձումի կերպարով:
-Սերիալն ավարտվեց: Այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Այժմ դադարի մեջ եմ, հանգստանում եմ:
-Էմիլ, 5-6 տարի Համբարձումի կերպարում էիք: Չե՞ք կարոտում Համբարձումին:
-Անկեղծ ասած՝ դեռ չեմ հասցրել կարոտել:
-Կան կերպարներ, որոնք դերասանների կյանքում մնայուն են լինում, քանի որ մարդիկ հենց դրանցով են հետագայում անընդհատ հիշում նրանց: Դուք հայտնի դարձաք Համբարձումի կերպարով ու, կարծում եմ, դեռ երկար ժամանակ հանդիսատեսը ձեզ որպես Համբարձում կհիշի: Դա ձեզ վախեցնո՞ւմ, թե՞ ուրախացնում է:
-Ոչ վախեցնում և ոչ էլ ուրախացնում է: Առջևում դեռ շատ ժամանակ ունեմ տարբեր կերպարներ մատուցելու համար: Չեմ սևեռվում մի կերպարի:
-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:
-Իհարկե, այո:
-Չե՞ք ցանկանում որևէ թատրոնում աշխատել: Օրինակ, Պարոնյան թատրոնը, կարծում եմ, Ձեզ սիրով կընդունի իր հարկի տակ:
-Միշտ էլ ցանկանում եմ թատրոնում խաղալ, բայց ցանկանում եմ աշխատել այնպիսի թատրոնում, որտեղ չկա դերասանական խանդ և պայքար՝ վաստակավորի կոչման համար: Շատ կցանկանամ ընդգրկվել, աշխատել «Էդգար Էլբակյան» թատրոնում: Այդ թատրոնը զերծ է նման տեսակի մարդկանցից:
-Եթե չեմ սխալվում, դուք դեռևս թատրոնում չեք աշխատել: Ինչո՞ւ եք վստահ, որ մյուս թատրոններում դերասանական խանդ կա:
-Ոչ, թատրոնում աշխատել եմ դեռ 6 տարեկանից ու ամբողջովին ծանոթ եմ թատրոնի նիստ ու կացին:
-Կարծում եմ՝ բավականին հաջող նմանակող եք նաև: Առաջին անգամ այդ հատկությունը ե՞րբ եք Ձեր մեջ հայտնաբերել:
-Ես այնքան էլ այդ կարծիքին չեմ, թեև, յուրաքանչյուր դերասան ինչ-որ չափով նմանակելու հատկություն ունի: Նմանակել սիրել եմ մանկուց, դեռ դպրոցական տարիքից:
-Կա՞ կերպար, որ երազում եք երբևէ մարմնավորել:
-Այո, Պաղդասար Ախպար:
-Գո՞հ եք Ձեր մասնագիտությունից, աշխատավարձից, թե՞ մտածում եք կողմնակի եկամուտի աղբյուր ունենալու մասին:
-Ինքս միշտ գոհացող տեսակ եմ: Բայց եթե համեմատենք, ապա չեմ կարող ժխտել, որ այսօր այստեղի աշխատավարձը, դերասանի կամ արվեստագետի նկատմամբ վերաբերմունքը շատ վատ է: Կողմնակի եկամուտ ունենալն անհրաժեշտություն է, պարզապես, քանի դեռ մեր երկրում կա «փայ» հասկացողությունը, այն անհնարին է դարձել:
-Էմիլ, երբեմն նկատում եմ, որ ակտիվ քաղաքական հայացքներ եք գրառում ձեր սոցիալական էջում: Սիրո՞ւմ եք հետաքրքրվել քաղաքականությամբ:
-Այդքան շատ չեմ հետաքրքրվում, ուղղակի հումորային տեսքով փորձում եմ իմ տեսանկետն արտահայտել անկուշտ մարդկանց վերաբերյալ:
-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք:
-Շատ տարբեր: Հետաքրքրվում եմ ամեն ինչով, բացի նրանից, թե ինչպես կարելի է շաքար կամ ալյուր ներմուծել:
- Շատ իզուր, եկամտաբեր գործ է: Էմիլ, կարծեք թե սիրում եք ընկերական հավաքույթներ, խնջույքներ: Ակտի՞վ հանգստի սիրահար եք:
-Այո, շատ եմ սիրում ակումբային կյանքը, ակտիվ եմ կյանքում: Սիրում եմ պարել, փարթիներ կազմակերպել:
-Ովքե՞ր են Ձեր ընկերները:
-Տարբեր տեսակի ու բնագավառի մարդիկ են, բայց, հիմնականում, մեկ նմանություն ունեն՝ տարիքով մեծ են ինձանից:
-Եվ ո՞ր հատկանիշների համար եք հենց նրանց հետ ընկերություն անում:
-Մաքրության, պարզության, հարգանքի: Նրանք Աստծով են ապրում, և, որ ամենակարևորն է, անդավաճան են:
-Ձեր մարմնավորած կերպարի՝ Համբարձումի հետ մեկ նմանություն, կարծեք թե, ունեք. Գեղեցիկ աղջիկների սիրահար եք: Այժմ նորի՞ց սիրահարված եք:
-Ոչ, իմ սիրտն ազատ է:
- Էմիլ, ձեր անվան կողքին պարբերաբար հայտնվում են դերասանուհիների, գեղեցիկ ու հայտնի հայուհիների անուններ: Բայց, կարծեք թե երկարատև սիրավեպերի սիրահար չեք, այո՞:
-Գեղեցիկն, առհասարակ, իր ուրույն տեղն ունի իմ կյանքում: Ես գեղեցիկի սիրահար եմ, բայց այն պետք է լինի ոչ միայն արտաքնապես, այլ նաև հոգեպես: Եթե դիմացինս այս գեղեցկություններից մեկն ու մեկը չունի, այսինքն՝ տգեղ է մեկ կողմով, նշանակում է՝ տեղ չունի իմ կողքին: Իմ սիրտը պետք զբաղեցնի միայն ինձ արժանի մարդ:
- Առաջին հայացքի՞ց է, թե բնույթով ինքնիշխան եք, չեք սիրում ենթարկվել նույնիսկ ծնողներին:
-Ծնողներիս, միանշանակ, ենթարկվում եմ: Բայց արդեն հասուն մարդ եմ և կյանքի նկատմամբ ունեմ իմ դիրքորոշումը, տեսակետը: Մի քայլ անելուց առաջ, երբ մտածում եմ, չեմ սայթաքում:
- ճի՞շտ է, որ դուք «Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Անժելի դերակատարուհի Լիլիթ Միհրանյանի որդին եք:
-Այո, Լիլիթ Միհրանյանն իմ մայրն է: