19/03/2015 16:08
ՊԲ. Հակառակորդի դիվերսիան հետ մղելիս 3 զինվոր է զոհվել, ևս 4-ը վիրավոր է
Այսօր՝ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայությունից:
Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի այլ մանրամասներ և իրեղեն ապացույցներ կներկայացնենք ավելի ուշ:
Aysor.am-ի անձնակազմը ցավակցում է զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին ու մտերիմներին: