20/03/2015 10:45
Արցախի ԱԺ ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն
Ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 7 կուսակցություն` Կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, Ազատ Հայրենիք կուսակցությունը` 50, Խաղաղություն և զարգացում կուսակցությունը 6 թեկնածուների ընդգրկմամբ:
ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության բոլոր ընտրատարածքներում ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 քաղաքացի, ընդ որում` նրանցից 27-ն ինքնաառաջադրման ձևով: 3 թեկնածու առաջադրել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 4-ական թեկնածուներ` Ազատ Հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` Ազգային վերածնունդ կուսակցությունը, 7-ը Շարժում-88 կուսակցությունը:
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 34-ն անկուսակցական են: