20/03/2015 12:52
Ս․ Մարտիրոսյան. Հայաստանում շարունակում է ամենաակտիվը լինել odnoklassniki.ru-ն
Tsu.co սոցիալական կայքում արդեն կա 10 հազար հայաստանցի օգտատեր: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ փորձագետի, եթե հաշվի առնենք, որ ասքան մարդ գրանցվել է մի քանի օրվա ընթացքում, սա արդեն լուրջ ցուցանիշ է:
Ս. Մարտիրոսյանի կարծիքով՝ մարդկանց գրավել է գումար աշխատելու ցանկությունը, քանի որ այդ սոցկայքում ակտիվությունը գումար է բերում:
Ինքը՝ փորձագետը, 6 օրվա ընթացքում սոցիալական կայքում աշխատել է արդեն 25 ցենտ:
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ կայքը անվտանգության հետ խնդիրներ ունի, քանի որ միացված չէ HTTPS համակարգին, ինչի պատճառով հեշտությամբ կարող են ներթափանցել անձնական էջեր, իմանալ գաղտնաբառը և այլն:
Խոսելով ընդհանրապես սոցիալական ցանցերի մասին՝ փորձագետը նշեց, որ Հայաստանում շարունակում է ամենաակտիվը լինել odnoklassniki.ru-ն: Ամեն օր Հայաստանից այդ կայք այցելում է շուրջ մեկ միլիոն օգտատեր: