21/03/2015 16:41
«Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց…». Մկոն` իր և Կարգին Հայկոյի վերամիավորման մասին
Արդեն գրեթե երկու տարի է՝ շատերին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ տարիներ շարունակ սիրված ու միասնական «Կարգին» դուետն առանձին է գործում: Ավարտվեց ոչ միայն «Կարգին հաղորդումն» այլև փլուզվեց Հայկո-Մկո հումորային զույգը: Այս մասին գրում է Life.panorama.am-ը:
Ազատություն ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ընթացքում Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, անդրադարձել էր այդ հարցին, քանի որ, ինչպես յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում, երկրպագուն առաջինը հնչեցնում է նրանց միավորման մասին հարցը: Ի պատասխան, Հայկոն նշել էր, որ ինքն անձամբ բաց է և պատրաստ համագործակցել՝ հորդորելով հարցն ուղղել Մկոյին:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի հետ, ով մեկնաբանելով իր և Հայկոյի վերամիավորման մասին լուրն ասաց.
«Նշեմ, որ «Կարգին հաղորդման» ավարտը բոլորովին կապված չէ մեր դուետի փլուզման հետ: Մենք ուղղակի տվյալ պահին անցանք այլ ձևաչափի. «Կարգին հաղորդումից» հետո ստեղծվեց «Կարգին սերիալը», որում նորից միասին ենք աշխատել: Ինչ վերաբերում է մեր՝ կրկին համագործակցությանը, ապա ես բացառում եմ այդ հանգամանքը: Մենք տարբեր անելիքներ, ծրագրեր ունենք: Մեր համագործակցությունն ինձ համար տեղում «դոփել» կլինի, հետընթաց, իսկ ես փորձում եմ նոր ռեժիսորների, դերասանների հետ աշխատել, ինչն ինձ նոր հնարավորություններ կտա: Համոզվել եմ, որ ճիշտ ուղի եմ ընտրել»:
Մկրտիչ Արզումանյանը չցանկացավ անդրադառնալ իրենց միջով անցած «սև կատվին»՝ պարզաբանելով, որ դա խիստ անձնական է և վերաբերում է միայն իրենց.
«Դա մեր անձնական հարաբերություններն են, միայն մենք կարող ենք այդ մասին խոսել, ուրիշ ոչ-ոք: Նույնիսկ մեզանից որևէ մեկը իրավունք չունի այդ մասին բարձրաձայնել»:
Ի դեպ, ի տարբերություն Հայկ Մարությանի հավաստիացմանը, որ իր և Մկոյի մեջ շփում կա, մեր զրուցակիցը հերքեց այն.
«Անկեղծ կլինեմ և կասեմ, որ մենք մոտ երկու տարի գրեթե չենք շփվել, ես այս ընթացքում Հայկին չեմ տեսել: Մենք միասին դժվար ժամանակահատված ենք անցել, կիսել ենք բարդ օրեր, ծրագրեր ենք իրագործել, բայց այժմ միասին անելիք չունենք, տարբեր ենք ոճային առումով, ընկերական հայացքներով ու մարդկային շփմամբ ու տեսակետներով: Դա ցույց տվեց կյանքը: Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց մենք էլ պարտավոր չենք ամբողջ կյանքը միասին անցկացնել: Ես այսօր դժգոհ չեմ իմ առօրյայից ու գործունեությունից»:
Մեր զրույցի վերջում Մկրտիչ Արզումանյանը հաջողություններ մաղթեց նախկին գործընկերոջն ու ընկերոջը:
«Նկատել եմ, որ նախագծեր է իրականացնում: Ի սրտե ցանկանում եմ իրեն հաջողություն, թող միշտ հաջողված «պրեսկոտներ» անի, ու թող նաև ինձ մոտ ամեն ինչ հաջողվի»,- եզրափակեց Մկոն: