23/03/2015 10:18
Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ մարտի 22-ին երկարատև հիվանդությունից հետո` 77 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը:
Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937թ. հուլիսի 1-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1966-67թթ. աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967թ.` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: 1970-ականներից խաղացել է նաև հեռուստաթատրոնում: 1961-ից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում », «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթ», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն:
1982թ. կրկին վերադարձել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն` որպես դերասան: