23/03/2015 12:39
Մահացել է Լի Կուան Յուն. Սինգապուրում մեկ շաբաթյա սուգ է հայտարարված
91 տարեկան հասակում մահացել է Սինգապուրի առաջին վարչապետ, սինգապուրյան հրաշքի հեղինակ Լի Կուան Յուն։
Աշխարհին Լի Կուան Յուն հայտնի է որպես Սինգապուրում բարեփոխումներ իրականացրած, միլլիոնավոր դոլլարների ներդրումներ բերած քաղաքական գործիչ: Նա Սինգապուրի կառավարության ղեկավարն է եղել 1959 թ․-ից, 1990-ին նրան փոխարինեցին, բայց նա շարունակեց մնալ կառավարությունում պատվավոր նախարար-խորհրդականի պաշտոնով, իսկ 2011-ից վերջնականապես գնաց թոշակի: Նա հայտնի էր կոռուպցիայի դեմ իր անողոք պայքարով, ընդհուպ իր մտերիմների և ազգականների հանդեպ: Նրա վարչապետության օրոք Սինգապուրը դարձել է Հարավ արևելյան Ասիայի ֆինանսական կենտրոն:
2009 թ․ սեպտեմբերի 17-ից 19-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Լի Կուան Յուն այցելել էր Հայաստան: Իր այցի ընթացքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լի Կուան Յուն ասել էր «Հայաստանը պետք է իր համար որոշի. չնայած այն ամենին, որ եղել է անցյալում, ապագան մեծ նշանակություն ունի»:
Սինգապուրում հայտարարվել է մեկշաբաթյա համազգային սուգ` երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ: Սուգը հայտարարվել է նրա վարչապետ որդու որոշմամբ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով նրա Facebook-յան էջը:
Համազգային սուգը կտևի մարտի 23-29-ը: Այս ընթացքում կառավարական բոլոր շենքերից կիջեցվեն պետական դրոշները: Մարտի 25-ին նախկին վարչապետի դին կտեղափոխվի երկրի խորհրդարանի շենք, որտեղ երեք օր շարունակ քաղաքացիները կարող են հրաժեշտ տալ նրան:
Հուղարկավորությունը մարտի 29-ին է: