23/03/2015 11:40
«Ճանաչում ունեցող մարդն ինչքան համեստ ու անկեղծ լինի, այնքան նրան ավելի շատ կսիրեն և կհարգեն». Գրիգոր Աղախանյան
Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրը սիրված դերասան, հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր Գրիգոր Աղախանյանն է:
-Լինելով հայտնի, սիրված մարդ ժողովրդի կողմից, ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ է տալիս ճանաչումը մարդուն և արդյո՞ք այն տանում է հպարտության, «աստղային հիվանդության»:
-Ցավոք սրտի, մեծ մասամբ դրան է տանում: Իմ կարծիքով, խորհրդային տարիներին է բնորոշ մարդկանց դեպի «աստղային հիվանդություն» տանելը, որովհետև ապրելով Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հանդիպելով շատ ճանաչված, աշխարհահռչակ մարդկանց հետ՝ տեսնում ես, որ նրանք շատ համեստ, անմիջական մարդիկ են: Այստեղ շատ են եղել առիթներ բանավիճելու այդ թեմայով, բայց անօգուտ է. ովքեր ունեն այդ հիվանդությունը, նրանք անուղղելի են: Ես այդպիսի մարդկանց հետ հազվադեպ եմ շփվում: Գտնում եմ, որ ճանաչում ունեցող մարդն ինչքան համեստ ու անկեղծ լինի, այնքան նրան ավելի շատ կսիրեն և կհարգեն: Ես հարգում եմ այդպիսի մարդկանց, ինքս էլ ձգտում եմ այդպիսին մնալ:
-Ի՞նչ տեղ ունի Աստված Ձեր կյանքում:
-Հավատն առ Աստված միշտ կար, նույնիսկ այն ժամանակ, երբ պարտադրվում էր աթեիզմը: Իսկ վերջին տարիներին քնելուց առաջ աղոթում եմ, շնորհակալություն եմ հայտնում անցած օրվա համար, անկախ նրանից, թե այն ինչպես է անցել: Երիտասարդ տարիներին որոշ բաներ այդքան չէի գիտակցում, իսկ հիմա շատ բան է փոխվել իմ մեջ, հավատն է մեծացել:
Մայրս միշտ հորդորում էր լավատես լինել, ամեն ինչ սրտին մոտ չընդունել, բայց, միևնույն է, անարդարությունն ինձ միանգամից հունից հանում է: Ուզում եմ, որ ամեն ինչ ճիշտ և արդար լինի՝ հասկանալով, որ այդպես չի լինում:
-Դուք մկրտված եք: Ի՞նչ խորհուրդ ունի մկրտությունը Ձեզ համար:
-Շատ մեծ: Երբ երեխաս քառասուն օրեկան դարձավ, նրան բերեցինք եկեղեցի և անհրաժեշտ արարողությունն արվեց: Նախկինում գուցե այդքան հետևողական չլինեի այդ հարցում, բայց տարիները մարդուն ավելի իմաստուն և խելացի են դարձնում: Երեխաս այժմ ութ ամսեկան է, արդեն մտածում եմ նրան մկրտելու մասին: Այն ամենն, ինչ կապված է մեր Եկեղեցու խորհուրդների հետ, շատ կարևորում եմ:
Երեխայի ծնունդից հետո մեր կյանքում շատ մեծ, դրական փոփոխություններ եղան. անհույս, անլուծելի թվացող մի քանի գործեր հաջող լուծում ստացան: Բնականաբար, ես այդ հաջողությունները կապում եմ երեխայի ծնունդի հետ, չհաշված այն դրական զգացմունքները, որ նա պարևում է մեզ:
-«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ. 7.12): Այս ոսկե կանոնը որքանո՞վ է իրագործելի Ձեր կյանքում:
-Հավատացեք, որ փորձում եմ այդպես ապրել: Պապիկս, հայրս ինձ սովորեցնում էին, որ մարդը պետք է բարի լինի: Փոքր տարիքում Աստվածաշնչին ծանոթ չէի, բայց ինձ այնքան ճիշտ դաստիարակեցին, որ ես ձևավորվեցի այդ մթնոլորտում՝ լինել բարի, ջերմ:
Պապիկիցս շատ բան եմ սովորել. ինչ հարգանքով էր բարևում մարդկանց, գլխարկը հանած խոնարհվելով ողջունում էր կանանց… Ես ամեն ինչ սպունգի պես կլանում էի: Բայց կյանքը բարդ է, շատ դժվարություններ կան, մարդիկ տարբեր են, անարդարությունները շատ են:
-Ո՞ր տարիքից սկսեցիք Աստվածաշունչ կարդալ:
-Մոտ երեսուն տարեկան էի: Ես շատ փոխվեցի: Կարդում էի Աստվածաշունչը, երբ մենակ էի մնում, սկսում էի այդ ամենն իմ ներսում քննարկել: Ցանկանում ես հետևել Աստվածաշնչի պատգամներին, անես լավն ու բարին, բայց կյանքում շատ հակասություններ կան: Սկզբում շատ էի նեղվում դրանից, բայց հետո եկա այն համոզման, որ մարդը պետք է փորձի ապրել ճիշտ և արդար:
Հարցազրույցի շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: