24/03/2015 13:03
Կոմանդոս. Ապրիլի վերջին թուրքերը կհանդարտվեն
Սահմանին առկա լարվածությունը սպասելի էր` քաջ հայտնի է, թե մեր հարևաններն ինչ գործողությունների են դիմում ապրիլի 24-ին ընդառաջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը.
«Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի սադրանքի գնալ` կլինեն կրակոցներ խաղաղ բնակչության վրա, այլ գործողություններ, որովհետև նրանք փորձում են մեր թույլ կողմերը գտնել ու խոցել մեր պետական սահմանները, և պետք է աչալուրջ լինենք ու կարողանանք արժանի հարված հասցնել»,- նշեց նա` ավելացնելով, որ ապրիլի վերջին թուրքերը կհանդարտվեն:
Կոմանդոսի կարծիքով` այս ամենը վտանգավոր է ոչ թե պատերազմի վերսկսման հավանականության տեսանկյունից, այլ հենց նման սադրիչ գործողությունների իմաստով: Ու թեև Ադրբեջանը աշխարհին փորձում է ապացուցել, որ մենք ագրեսոր պետություն ենք, բայց նման լարվածությամբ ու սադրանքներով ապացուցում են հակառակը:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի` ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինելու վերաբերյալ հայտարարությանը, Ա.Տեր-Թադևոսյանը նկատեց, որ տարբերություն չկա, թե որ երկրից է գնում Ադրբեջանը զենք: Հարկավոր է, ըստ բանախոսի, մեկ բան հաշվի առնել` ադրբեջանական սպաների մեծ մասը ծառայել է խորհրդային բանակում և նրանց համար ավելի հեշտ է օգտվել ռուսական արտադրության զենքերից:
«Ռուսական զենքերը գնի առումով էլ ավելի հարմար են »,- նկատեց նա:
Անդրադառնալով մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին ու հակառակորդի կողմից տարածած տեսանյութին, նա նշեց, որ չի զարմանում այս ամենին, քանի որ նույն Ադրբեջանը իր զոհերի թիվը չի բացահայտում ու առհասարակ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է միշտ հաղորդում: