25/03/2015 19:11
Սեյրան Օհանյանը բացառում է Անդրանիկ Գրիգորյանին առևանգելու վարկածը
«Ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութը, որում սահմանը հատող զինվորն է ու նրա պատասխանները, ակնհայտորեն պատրաստված են հակառակորդի կողմից»,- ԱԺ-ում լրագրողերի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ սահմանը հատած զինվոր Անդրանիկ Գրիգորյանին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այն պահին, երբ այդ զինվորը լքել էր, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում, չի ստացվել կանխել»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է զինվորի արարքի դրդապատճառներին, ապա նախարարի խոսքով, այդ պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքի մեջ: Նա ընդգծեց, որ ծառայողական քննություն է նշանակված, քրեական գործ է հարուցվել, որի ընթացքում ամեն ինչ կպարզվի: «Քանի որ ինքը այստեղ չէ, ուստի ստիպված ենք նրա ընտանիքի անդամների, մտերիմների միջոցով պարզել ամեն ինչ և արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը»,- հավելեց Ս. Օհանյանը:
Ինչ վերաբերում է զինվորի հանդեպ հնարավոր ճնշումներին, նախարարը պատասխանեց. «Եթե ճնշումներ եղել են, ապա իր ընտանիքում են եղել այդ ճնշումները: Նախնական կարող եմ ասել միայն, որ զինվորի և իր ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը, նա պայմանագրային զինծառայող է եղել, փոքր ստորաբաժանման մեջ՝ ականանետային, իսկ այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»:
Սեյրան Օհանյանը նաև բացառեց նրան առևանգելու վարկածը:
Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանն, ապա նախարարը համոզված է, որ սահմանում իրավիճակը այսօր վերահսկվում է: «Չկա որևէ իրադարձություն, որ համարժեք և դեռ ավելին պատասխաններ չտանք»,- ասաց նախարար Օհանյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած դիվերսիոն հարձակումներին՝ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ դրանք հաջողությամբ կանխվել են, և թշնամին հետ է մղվել հայ զինվորի բարձր պատրաստվածության շնորհիվ, նրանց հերոսության ու անձնուրացության շնորհիվ:
Նախարարը ընդգծեց, որ այսօր անընդհատ առաջնագծին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետև հայկական բանակն ինքնուրույն ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել:
«Երբ անհրաժեշտություն լինի, որ մեր կողիքն գտնվեն մեր վետերաները և երկրապահները կամ արձագանքներ ակնկալել ՀԱՊԿ-ից, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան ընթացակարգով դրանք կիրականցնի»,- եզրափակեց խոսքը նախարարը: