26/03/2015 17:34
«Տոնուս-Լեսի» ներկայացրած եզրակացությունը հիմք կընդունվի աշխարհի բոլոր երկրներում
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում գտնվող «Տոնուս-Լես» ընկերության սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա, որտեղ ծանոթացել է փորձագիտական աշխատանքների ընթացքին, գործունեությանն ու ձեռքբերումներին:
Կառավարությունից տեղեկացնում են, որ լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի և կենսահամարժեքության, ինչպես նաև կենսաբանական և մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը:
Ներկայացնելով ձեռքբերումները՝ ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ հայաստանյան այս լաբորատորիան վերջերս ստացել է միջազգային ISO 9001-2008 հավատարմագրում, որը տարածաշրջանում առաջինն է: Նշվել է, որ միջազգային հավատարմագրումը հնարավորություն կտա տեղական արտադրողներին արտերկրի փոխարեն տեղում ստանալ արտադրանքի լաբորատոր փորձագիտական եզրակացությունը և որակի հավաստագիրը, ինչն էլ էապես կկրճատի ընկերությունների ծախսերն ու ժամանակը: Համապատասխան քայլեր են իրականացվել նաև որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ, ամրապնդվել է միջազգային համագործակցությունը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել և ողջունել է լաբորատորիայի միջազգային հավատարմագրումը և նշել, որ այն հնարավորություն կտա խթանել տեղական որակյալ արտադրանքի արտադրությունը, արտադրանքի վերաբերյալ ստանալ հավաստի տվյալներ, ավելացնել արտահանման ծավալները և ամրապնդել սպառողների շահերի պաշտպանությունը: Նա նաև կարևորել է լաբորատորիայի հետագա զարգացումը, որակյալ փորձագիտական գործունեությունը և գործարարների մոտ վստահության պահպանումը:
Լաբորատորիայի ղեկավարության հավաստիացմամբ, միջազգային հավատարմագրման արդյունքում լաբորատորիայի ներկայացրած եզրակացությունը հիմք կընդունվի աշխարհի բոլոր երկրներում:
Լաբորատորիան ունի գերմանական, շվեյցարական, ճապոնական և իսրայելական արտադրության ժամանակակից սարքավորումներ: