26/03/2015 10:36
Վոլոդյա Ֆրանգուլյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանի Վալբժիխ քաղաքում շարունակվում է մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնության ազատ ոճի մրցաշարը:
61 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վոլոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ձիանիս Մաքսիմաուին (5:4), քառորդ եզրափակչում 6:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզիտալովին, իսկ կիսեզրափակչում 9:7 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Ռեջեպ Տոպալի նկատմամբ:
Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն է եղել ուկրաինացի Անրեյ Սվիրիդը, ում Ֆրանգուլյանը հաղթել է 8:3 հաշվով: Այսպիսով Ֆրանգուլյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնության 1-ին հայ չեմպիոնը:
70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Իշխան Պողոսյանը, ով կիսաեզրափակչում պարտվելով ռուսաստանցի Ռասուլ Արսանլիևին իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար մղվող գոտեմարտում, որտեղ նրա մրցակիցն էր լինելու բելառուս Ալեքսանդր Կարպաչը: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար մենամարտում պարտվել է 21:10 հաշվով:
86 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Թամրազյանը քառորդ եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացնող Շամիլ Կուդիամագամեդովին և զրկվել է մեդալների համար պայքարից: