27/03/2015 18:35
«Սինհուա». Չինաստանը ակնկալում է Հայաստանի աջակցությունը ԵՏՄ հետ համագործակցության հարցում
Եվրասիական տնտեսական միության հետ տնտեսական համագործակցության եւ քաղաքական երկխոսության հարցերում Չինաստանը ակնկալում է Հայաստանի աջակցությունը: Չինաստանի պետական «Սինհուա» գործակալության հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ մարտի 25-ին կայացած հանդիպման ընթացքում:
Նախագահ Սարգսյանը, նշելով չին եւ հայ ժողովուրդների պատմական բարեկամությունը անտիկ շրջանում Մետաքսի ճանապարհի ժամանակներից ի վեր, գոհունակություն է հայտնել անկախացումից սկսած Չինաստանի կողմից Հայաստանին հատկացված տնտեսական օգնության եւ քաղաքական աջակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել հարաբերությունների բազմակողմանի զարգացումը:
Երկու երկրների ղեկավարները բանակցությունների ընթացքում քննարկել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր վերընթաց զարգացող համագործակցությունը տարբեր ոլորտներում: Նախագահ Սի Ծինփինը ընդգծել է, որ երկու երկրները պետք է աջակցեն միմյանց զարգացման եւ բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհին, ինչպես նաեւ հարգեն միմյանց ազգային շահերը եւ աջակցեն դրանց իրականացման հարցերում:
Նախագահ Ծինփինը Չինաստանի կառավարության պատրաստակամությունն է հայտնել քաջալերելու չինական ներդումները Հայաստանում տրանսպորտի, հանքարդյունաբերության, էներգետիկ, ենթակառուցվածքային եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Երկու երկրների նախագահները համաձայնել են համագործակցել «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության շրջանակում, եւ այս առումով նախագահ Ծինփինը կարեւորել է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ում, նաև հույս հայտնել, որ պաշտոնական Երեւանը կաջակցի Չինաստանի եւ ԵՏՄ համագործակցությանը:
«Սինհուա» գործակալությունը փոխանցմամբ, Հայաստանը հույս ունի Մետաքսի նոր ճանապարհ նախաձեռնության ենթակառուցվածքային փաթեթի մեջ ընգրկել իր կարեւոր միջպետական մայրուղիների եւ երկաթգծի շինարարության ծրագրերը:
Բանակցությունների ավարտին երկու երկրների ղեկավարները բարեկամական հարաբերությունների զարգացման վերաբերյալ համատեղ հռչակագիր են ստորագրել՝ երկկողմ ներդրումների, ազգային արժույթների փոխանակման, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում համագործակցությունը խորացնելու եւ այլ հարցերի վերաբերյալ:
Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին Հայնան նահանգում մասնակցելու է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային ամենամյա համաժողովին: