27/03/2015 18:26
Հունական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ-ում Հույների ցեղասպանության մասին հայտարարություն ընդունելու վերաբերյալ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակության անդամներ Ֆոտի Չիտլիդիսին, Վադիմ Անաստասիադիին, Սոֆյա Պրոկոպիդուին, Արկադի Խիտարովին, Աննա Խիտարովային, Էդուարդ Պոլատովին և հույն հայտնի պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիադիսին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամլո ծառայությունից՝ պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին և նախաձեռնության հեղինակներին՝ մարտի 24-ին միաձայն ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության համար:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով պատվիրակությանը, նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումն ինքնանպատակ չի եղել. ճանաչելով հույների և ասորիների նկատմամբ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը՝ Հայաստանի խորհրդարանը դատապարտում է երբ ևէ իրականացված բոլոր ցեղասպանությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ քանի դեռ չեն ճանաչվել և դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի բացառել դրանց կրկնության հնարավորությունը:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հյուրերը կարևորել են տարբեր ժամանակներում տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները կարևորել են հայ և հույն եղբայր ժողովուրդների միջ և կապերի ամրապնդումն ու ընդհանուր հարցերում համագործակցության սերտացումը:
Հյուրերը ԱԺ փոխնախագահին են փոխանցել հույն ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ հրատարակված գրքեր: