27/03/2015 09:17
Փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մինչ օրս չի վճարել դեռ այս տարվա հունվարի 1-ից փոքր ՀԷԿ-երից գնած էլեկտրաէներգիայի դիմաց: Սա աննախադեպ իրավիճակ է՝ մինչ այժմ «ՀԷՑ»-ը միշտ վճարել է ՓՀԷԿ-երին մինչև հաջորդ ամսվա 20-ը:
Իրենց հասանելիք գումարները չստացած ՓՀԷԿ-երը հայտնվել են ծանր կացության մեջ: Նրանցից շատերը վարկային պարտավորություններ ունեն, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս: Որոշները վարկեր ունեն արտասահմանյան բանկերին:
Իրավիճակը պարզաբանելու «Հայկական Ժամանակի» խնդրանքին ի պատասխան՝ «ՀԷՑ» մամլո պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատել է ՓՀԷԿ-երին գումարներ չվճարելու փաստը և տեղեկացրել է, որ դա ֆինանսական բարդ վիճակի հետևանք է:
Ըստ Սարջանյանի, ներկայում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրավիճակից դուրս գալու որոշակի տարբերակներ է քննարկում:
Այժմ փոքր ՀԷԿ-երի նկատմամբ «ՀԷՑ»-ի կուտակած ընդհանուր պարտքը արդեն մի քանի մլն դոլար է կազմում: «Հայկական Ժամանակի» տեղեկություններով, սակայն, այս չվճարումները ոչ միայն «ՀԷՑ»-ի ֆինանսական վատ վիճակի հետևանք են, այլ պայմանավորված են այդ ընկերության վաճառքի գործընթացով: Ներկայում «ՀԷՑ»-ը աշխատում է հնարավորինս քիչ վճարումներ կատարել մինչե սեփականատիրոջ փոփոխությունը: