31/03/2015 18:39
Արևիկ Ուդումյանը նոր բիզնես է հիմնել
Արևիկ Ուդումյանը, ով, ի դեպ, արդեն մեկ ամիս է` Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի պրոդյուսերն է, իր գործնական հետաքրքրությունների ցանկն ավելացրել է ևս մեկով. հաղորդավարուհին մանկության ընկերուհու՝ Վիլենայի հետ արծաթյա կախազարդեր է պատրաստում, որոնց պահանջարկն ու հետաքրքրվածությունը մեծ է հատկապես երիտասարդների շրջանում: Այս մասին գրում է Life.panorama.am-ը:
«Արդեն մեկ ամիս է այդ գործով ենք զբաղվում: Գաղափարը Վիլենայինն էր: Հաճախ էինք խորհրդակցում միասնական գեղեցիկ ու հետաքրքիր գործի մասին: Այս գաղափարն ինձ շատ հետաքրքրեց: Մեր կախազարդերը տարբեր գույների են, և բոլորից պարտադիր կախված է մեր լոգոն՝ արծաթյա վարդը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Ա. Ուդումյանը:
Հարցին՝ արդյոք միմյանց չե՞ն խանգարում հեռուստատեսությունն ու, կարելի է ասել, բիզնեսը, Արևիկը պատասխանեց.
«Ասեմ, որ հիմնական աշխատանքը գործընկերուհիս է կատարում, ինչում իմ բախտը շատ է բերել: Իհարկե, կարևոր որոշումները միասին ենք իրականացնում»:
Կախազարդերը թեմատիկ բնույթ ունեն: Դրանք ոչ միայն զարդի կարգավիճակ ունեն, այլ, հաճախ կարելի է դրանցից ելնելով՝ կռահել մարդու մասնագիտությունը, կարդալ նրա կյանքի պատմությունը:
«Եվ հնում, և այսօր կախազարդերը մարդու պատմությունն են պատմել, նաև՝ որպես գեղեցիկ զարդ ծառայել: Նայած թե ով ինչպես է վերաբերել դրանց նշանակությանը: Կան մուլտֆիլմերի հերոսներով կախազարդեր, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքը, Աստվածաշունչը, հայկական տառեր»,- եզրափակեց նա: