31/03/2015 20:26
Լայանա. Դուստրս մեր տան ուրախությունն է, արթնանում ու քնում ենք իրենով. Լուսանկարներ
Երգչուհի Լայանան, ով մայրացել է ընդամենը 13 օր առաջ, արդեն ամբողջովին տիրապետում է փոքրիկին խնամելու նրբություններին: Նորաթուխ մայրիկը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև փոքրիկը համեմատաբար խելոք է և գիշերները հանգիստ է քնում, բայց ինքն այնքան ուշադիր մայրիկ է, որ գրեթե անքուն է անցկացնում ողջ գիշեր.
«Իրականում, փոքրիկին խնամելն անչափ պատասխանատու պարտականություն է: Ես այդպես եմ վերաբերել դեռ հղիության ընթացքից, իսկ երբ ծնվեց, պատասխանատվությունս բազմապատկվեց: Պետք է լինես ծայրահեղ զգոն, հանգիստ, ուրախ, սիրով, երեխային շրջապատես դրական էմոցիաներով: Դուստրս մեր տան ուրախությունն է, արթնանում ու քնում ենք իրենով, իսկական երջանկություն է»:
Ի դեպ, Լայանան, որքան էլ ուշադիր է զննում, բայց միևնույն է, Էլինային դեռ որևէ մեկին չի նմանեցնում: Թեև, իր իսկ խոսքերով բացարձակ սնահավատ չէ, բայց որոշել է հետևել հետծննդյան 40-օրյա շրջանին.
«Քանի որ երեխաները շատ նուրբ ու զգայուն են այս շրջանում, որոշեցի քառասունքը պահել: Այս կերպ նրանից հեռու կմնան բոլոր վտանգավոր երևույթները»:
Երգչուհին իր համար բացահայտել է մայրության գաղտնիքը. դարձել է ավելի ուժեղ ու համարձակ:
«Երեխայի հետ կապված ամեն բան ինքս եմ անում: Պարզեցի, որ շատ ուժեղ եմ և «ռիսկով», խուճապի չմատնվող մայրիկ եմ: Անբացատրելի երևույթ է մայրությունը, այն քեզ գերբնական ուժ է հաղորդում»,-վստահեցրեց մեր զրուցակիցը: