02/04/2015 15:17
ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի նորմերի բացահայտ արհամարանքը մարտահրավեր է միջազգային հանրությանը
Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ, որոնցից առաջինը ցուցադրվել է նրան գերևարելու հենց հաջորդ օրը, ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 13-րդ հոդվածը՝ ռազմագերիների հետ վարվելակերպի մասին, որը ռազմագերիներին պաշտպանում է ամբոխի հետաքրքրասիրություններից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձի հրապարակումը Ադրբեջանի ՊՆ-ի կողմից NEWS.am-ի հարցին ի պատասխան ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տվել է հետևյալ պատասխանը:
«Ժնևի կոնվենցիաներին միացած երկրները պարտավորվում են ամեն պարագայում պահպանել և ստիպել պահպանել կոնվենցիայի դրույթները։ Ադրբեջանի դեպքում այդ դրույթը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հումանիտար իրավունքի խախտումը Ադրբեջանի համար արդեն սիստեմատիկ բնույթ է կրում։
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բացահայտ արհամարանքը մարտահրավեր է միջազգային հանրությանը, քանի որ միջազգային հանրությունը պատասխանատու է դրանց պահպանման համար»,- ասված է պատասխանում: