02/04/2015 17:00
Հայազգի դիրիժոր Ալան Ալթինօղլուն համերգ կտա Երևանում
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 3-ին՝ ժամը 19-ին, «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո ներկայացնում է համերգ` հայազգի հայտնի դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ծրագրում՝ Վագներ և Ռավել (Վագների «Լոհենգրին» օպերայի 1-ին և 3-րդ գործողությունների նախանվագները, Ռավելի Իսպանական ռապսոդիան և «Դափնիս և Քլոյե» թիվ 2 սյուիտը): Որպես հրավիրյալ մենակատար հանդես կգա միջազգային լայն ճանաչում ունեցող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, ում կատարմամբ էլ կհնչի Սեն-Սանսի Թավջութակի կոնցերտը:
Ալան Ալթինօղլուն Երևանում հանդես կգա առաջին անգամ: Նա աշխարհի հեղինակավոր թատրոնների մշտական հրավիրյալ դիրիժորն է (Նյու Յորքի Metropolitan Opera, Չիկագոյի Lyric Opera, Վիեննայի Staatsoper, Բեռլինի Deutsche Oper, Ցյուրիխի Opernhaus–ի, Փարիզի երեք օպերային թատրոններ և այլն): Նա հանդես է եկել Զալցբուրգի, Օրանժի, Էքս-ան-Պրովանսի և այլ հայտնի փառատոներում և ղեկավարել է Chicago Symphony, Philadelphia Orchestra, Orchestre National de France, Orchestre de Paris, Orchestre Philharmonique de Radio France, Orchestre National de Lyon, Staatskapelle Dresden, Staatskapelle Berlin, Bamberger Symphoniker, Ensemble Intercontemporain, Radio-Symphonieorchester Vienna և աշխարհահռչակ այլ նվագախմբեր:
Այս համերգաշրջանում ծրագրված են «Դոն Կառլոս», «Սալոմե» օպերաների բեմադրությունները Վիեննայի Staatsoper-ում, «Մանոն Լեսկոյի» բեմադրությունը Մյունխենի Bayerische Staatsoper-ում, «Դոն Ժուանի» բեմադրությունը Փարիզի Opera National-ում: Սպասվում է Ալթինօղլուի բեմելը նաև Լոնդոնի Royal Opera House-ում («Դոն Ժուան») և Բայրոյթի փառատոնում («Լոհենգրին»):
Իբրև սիմֆոնիկ դիրիժոր Ալան Ալթինօղլուն ղեկավարել է Գոթենբուրգի սիմֆոնիկ և Ցյուրիխի Տոնհալլե նվագախմբերը: Ապրիլին նա ղեկավարելու է Մոցարտի Ռեքվիեմը` Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված համերգում:
Ալան Ալթինօղլուն ծնվել է 1975-ին Փարիզում, որտեղ և ավարտել է Conservatoire National Supérieur de Musique-ը: Ներկայումս դասավանդում է նույն կոնսերվատորիայում:
Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի ծնվել է Երևանում` երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում: Նրա դասատուներն էին պապը` ավագ Ալեքսանդր Չաուշյանը և պրոֆեսոր Զարեհ Սարգսյանը: Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, ով նաև մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: Նա համագործակցել է Լևոն Չիլինկիրյանի, Պավել Վերնիկովի, Յուրի Բաշմետի, Դիմուտ Պոպպենի, Էմանուել Պայուի, Յուլիա Ֆիշերի, իր մշտական կամերային գործընկերներ Էշլի Վոսի, Եվգենի Սուդբինի և այլ անվանի երաժիշտների հետ: