03/04/2015 19:03
Հիշում և պահանջում ենք. Ազգային Ֆիհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Դանիայում և Նորվեգիայում
Ազգային Ֆիլհարմոնիկի այս տարվա առաքելությունն ու գործունեության բաղկացուցիչ մասն է կազմում հայ ժողովրդի մեկդարյա բաց վերքի՝ Հայկական հարցի հանրայնացումը, ցեղասպանված հայության հիշատակի ոգեկոչումը աշխարհով մեկ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նվագախումբը՝ դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո ապրիլի 10-15-ը հյուրախաղերով հանդես կգա Սկանդինավյան երեք երկրներում. ապրիլի 11-ին Տամպերեի (Ֆինլանդիա) համանուն համերգասրահում, ապրիլի 12-ին` Կոպենհագենում (Դանիա)՝ Դանիայի Ռադիոյի համերգասրահում, ապրիլի 13-ին` Օլբորգի (Դանիա) Մյուզիքենս Հուսում և ապրիլի 14-ին` Օսլոյի (Նորվեգիա) Մայր տաճարում:
Նվագախմբի հետ որպես մենակատարներ հանդես կգան անվանի ջութակահարներ Իզաբել Ֆաուստը (Գերմանիա) և Հեննինգ Քրագեռուդը (Նորվեգիա), դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը (Դանիա) և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա): Կկատարվեն Բեթհովենի, Գրիգի, Չայկովսկու, Շիմանովսկու և Խաչատրյանի ստեղծագործություններից: Հյուրախաղերը կիրականանան ՀՀ մշակույթի նախարարության, ինչպես նաև Դանիայի և Նորվեգիայի հայաստանյան դեսպանության աջակցությամբ:
Իսկ ապրիլի 9-ին՝ ժամը 19-ին, կրկին Օպերային թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդրին Ֆիլհարմոնիկը կներկայացնի ճանաչված դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի մասնակցությամբ Նորվեգիայում կայանալիք համերգային ծրագիրը՝ կատարելով հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Գրիգի Դաշնամուրի կոնցերտը և Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան: