06/04/2015 12:18
Կինոգործիչները` կինոյի մասին օրենքի անհրաժեշտության մասին
Կինոյի մասին օրենք է պետք ունենալ. մշակույթի նախարարի հրամանով հանձնաժողով է ստեղծվել, որն աշխատում է այդ ուղղությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին հայ կինոգործիչները:
Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ համամիտ չէ, որ կինոյի մասին օրենք ունենալը ժամանակավրեպ է, և կարծում է, որ Հայաստանում պետք է արտոնագրային համակարգ ստեղծվի, որն իրավունք կտա կարգավորել, թե ինչ կինոներ պետք է ցուցադրվեն, սահմանափակումներ պետք է մտցվեն:
«Կինոյի մասին օրենքը կհեշտացնի նաև հարկային ու մաքսային գործունեությունը»,- ընդգծեց Գ. Գևորգյանը, հավելելով, որ օրենքի առաջին տարբերակը պատրաստ կլինի 15 օրից:
Դերասան Միքայել Պողոսյանը նշեց, որ այսօր կինո նկարում է նա, ով գումար է հայթայթում, իսկ դրանց մեջ չեն մտնում այն արժանավորները, ովքեր պետք է կինո նկարեն. «Մենք հոգնել ենք դռներ թակելուց, հույսեր ունենանք, որ մի օր էլ մեր դուռը կթակեն և կասեն, թե ահա, այսպիսի բան է նկարվում, եկեք, մասնակցեք»:
Դերասանը նաև հավելեց, որ վերջին տարիներին գեղարվեստական կինոներ չեն նկարվում, իսկ լավագույն դերասանները գնում են, որոնց փոխարինում են «խուտուտչիների բանակ, ովքեր հումորը դարձրել են կենցաղ»:
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ևս կողմ էր կինոյի մասին օրենքին, սակայն համոզված է, որ օրենքի նախագծի մշակմանը մասնակցեն նաև կինոգործիչներ: