06/04/2015 15:02
Միքայել Պողոսյան. Կինոոլորտը խուտուտչիների բանակ է դարձել
ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է «Կինոյի մասին» օրենքի նախագծի վրա: Օրենքի առաջին տարբերակը պատրաստ կլինի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեցին մի շարք կինոգործիչներ, որոնք կարևորում են այդ օրենքի անհրաժեշտությունը, քանզի մեր երկրում այնպիսի կինոգործընթացներ են ընթանում ու այդ ոլորտում կան այնպիսի խնդիրներ, որոնք կարող են շտկվել միայն համապատասխան օրենք ունենալու դեպքում:
«Ես տեղյակ չեմ, թե ով է այդ հանձնաժողովում ընդգրկված ու աշխատում, ինչ հարցեր են քննարկվում, բայց հույս ունեմ, որ լավ արդյունք կունենանք: Այսօր կինո նկարում է նա, ով գումար է հայթայթում, իսկ դրանց մեջ չեն մտնում այն արժանավորները, ովքեր պետք է կինո նկարեն: Իրականում մենք հոգնել ենք դռներ թակելուց ու հույսեր ունենալուց, թե մի օր էլ մեր դուռը կթակեն և կասեն, որ՝ ահա, լավ բան է նկարվում, եկեք դուք էլ մասնակցեք»,- հայտարարեց դերասան Միքայել Պողոսյանը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում գեղարվեստական կինոներ չեն նկարվում, ու դերասանները ստիպված գնում են.
«Բայց ովքե՞ր են նրանց փոխարինում: Խուտուտչիների բանակ է, ովքեր հումորը դարձրել են կենցաղ»,- շեշտեց դերասանը:
Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն էլ ասաց, որ շատ է լսում, թե մեզ նման օրենք պետք չէ, դա ժամանակավրեպ է, բայց ինքը վստահ է՝ ժամանակին է ու տեղին է: Նրա խոսքով՝ շատ խնդիրներ կան, որոնք կարող են կարգավորվել միայն ու միայն օրենքով.
«Նախ, Հայաստանում անհրաժեշտ է արտոնագրային համակարգ ստեղծել, որն էլ կկարգավորի, թե որ ֆիլմերը կարող են ցուցադրվել, որոնք՝ ոչ: Նույն տարիքային ցենզն էլ պետք է սահմանել : Այո, ես հասկանում եմ, որ դա որոշակի ու որոշ անձանց համար անցանկալի սահմանափակումներ կբերի, բայց դա ևս անհրաժեշտություն է»,- ասաց Գ.Գևորգյանը: