07/04/2015 13:05
Ադրբեջանում սկսվել է հայ զինծառայողի «դատավարությունը». Լուսանկարներ
Այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանի գործով նախնական դատական նիստը: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:
Դրա ընթացքում ելույթ է ունեցել մեղադրող կողմը: Խոսքի իրավունք տրվել է նաև Արսեն Բաղդասարյանին, ով որոշ տեղեկություններ է ներկայացրել իր մասին:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 13-ին: Որոշվել է այն անցկացնել դռնփակ: Արսեն Բաղադասարյանի պաշտպան է նշանակվել Ռամիզ Աբդուլաևը:
Հավանաբար, այս «դատավարությունը» Ադրբեջանի պատասխանն է Ստեփանակերտում ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատավարությանը, սակայն համեմատելու եզրեր այս դեպքերի միջև չկան:
Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևն ու ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալիս սպանված Հասան Հասանովը ապօրինի ներխուժել էին ԼՂՀ տարածք, առևանգել և սպանել էին 17-ամյա երիտասարդի: Սպանել էին ՀՀ ԶՈւ մայորի ու առանձնակի դաժանությամբ վնասվածքներ էին հասցրել քաղաքացիական կնոջ:
Ընդ որում, Արսեն Բաղդասարյանի դեպքի վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի սկզբանե տվել է հակասական տեղեկատվություն: Նախ և առաջ հայտարարվել է, որ նա դիվերսանտ է, ապա՝ Արսենն ինքնակամ է հատել սահմանը՝ չդիմանելով հայկական բանակում տիրող բարքերին: Անգամ նշվում էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ զինծառայողը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:
Ավելի ուշ, Ադրբեջանի ՊՆ-ն, այնուամենայնիվ, նախընտրել է Արսենին ներկայացնել որպես «դիվերսանտ»: Արսեն Բաղդասարյանի սահմանահատումը որակվել է որպես հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ ու նրա նկատմամբ հարուցվել է քրգործ:
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ՊԲ-ն սահմանահատման դեպքի օրը հայտարարել է, որ Արսեն Բաղդասրայանը, հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: